Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը խնդրում է Սասուն Միքայելյանին հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ իր գրասենյակի աշխատակիցները երեքշաբթի օրը այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Միքայելյանին եւ հանդիպել նրան բուժող բժիշկներին: Միքայելյանը տեղեկացրել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, սրտանոթային հետազոտության կարիք կա, եւ խնդրել է հնարավորության դեպքում հետազոտությունը կատարել «Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ` Միքայելյանը նաեւ դժգոհել է Ղարաբաղյան պատերազմի տարիներից ոտքում մնացած բեկորների առաջացրած ուժգին ցավերից եւ խնդրել է վիրահատել ոտքը: Օմբուդսմենը ասաց, որ ի տարբերություն սրտանոթային հետազոտության` այս վիրահատության հնարավորությունը Դատապարտյալների հիվանդանոցն ունի:

Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի` երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Հունվարի 21-ին եւ 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանը գանգատվել է սրտի եւ ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս դատապարտյալը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009 թվականի դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին»:


Իրինա Հովհաննիսյան


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG