Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը խնդրում է Սասուն Միքայելյանին հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում


Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյան

Մարդու իրավունքների պաշտպանը անհանգստացած է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի առողջական վիճակով: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ իր գրասենյակի աշխատակիցները երեքշաբթի օրը այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Միքայելյանին եւ հանդիպել նրան բուժող բժիշկներին: Միքայելյանը տեղեկացրել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, սրտանոթային հետազոտության կարիք կա, եւ խնդրել է հնարավորության դեպքում հետազոտությունը կատարել «Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում:

«Նորմալ է վիճակը, վերահսկողության տակ են պահում, բավականին ամեն ինչը ուշադրության կենտրոնում են պահում: Պարզապես ինքը սրտից էր բողոքում եւ խնդրեց, եթե հնարավոր է, սրտի հետազոտություն իրականացնել, որը տվյալ դեպքում այդ հիվանդանոցում, որտեղ ինքը գտնվում է, դրա հնարավորությունը չունեն: Դրա համար մենք դիմել ենք արդարադատության նախարարին` քննարկեն այդ հարցը, որպեսզի կարողանան նրա սիրտն էլ հետազոտել», - ասաց Արմեն Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ` Միքայելյանը բողոքել է նաեւ Ղարաբաղյան պատերազմի տարիներից ոտքում մնացած բեկորների առաջացրած ուժգին ցավերից եւ խնդրել է վիրահատել ոտքը: Օմբուդսմենը ասաց, որ ի տարբերություն սրտանոթային հետազոտության` այս վիրահատության հնարավորությունը Դատապարտյալների հիվանդանոցն ունի, ուստի Գեւորգ Դանիելյանին միջնորդել են, «որ դա էլ քննարկեն, տեսնեն` ինչ կարող են անել»:

Արմեն Հարությունյանի նամակի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. - «Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում` առանց դիմելու էլ: Այսինքն` ամեն ինչ արվի, որ ինքը օրենսդրության պահանջներին համապատասխան զննության ենթարկվի եւ բուժումն ապահովվի, ինչպես եղել է առայսօր»:

Իսկ հարցին, թե ե՞րբ են նախատեսում Միքայելյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, նախարարը արձագանքեց. - «Երբ կլինի [համապատասխան] եզրակացություն»:

Սասուն Միքայելյանի հետազոտությունը քաղաքացիական հիվանդանոցում կազմակերպելու անհրաժեշտությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը` ասելով. - «Վերջին օրերի ընթացքում շատ սրված է վիճակը, մասնավորապես գիշերները անտանելի ցավեր են լինում: Տեղյակ ենք, որ շտապօգնություն է եկել հիվանդանոց, բժիշկն է անընդհատ Սասուն Միքայելյանի մոտ, բայց Դատապարտյալների հիվանդանոցը չունի այն համապատասխան տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա պատշաճ բուժօգնություն ցույց տալ»:

«Այստեղ ցանկության խնդիրը չէ` այստեղ հնարավորությունների խնդիրն է», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Սասուն Միքայելյանի ընկերը` նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Սասուն Միքայելյանին ոչ միայն պետք է տեղափոխել, այլ պետք է ազատ արձակել»:

Միքայելյանի առողջական վիճակի մասին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի` երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Հունվարի 21-ին եւ 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանը գանգատվել է սրտի եւ ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս դատապարտյալը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009 թվականի դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին»:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը անցած տարվա դեկտեմբերին շնչառական համակարգի վիրահատության է ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի վերջին քաղաքացիական հիվանդանոցից կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
XS
SM
MD
LG