Մատչելիության հղումներ

Ըստ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալներում «կասկածելի բան շատ կա», եւ «իրականում անցած տարի Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 22-24 տոկոս»։

Ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, անցած տարվա ընթացքում համախառն ներքին արդյունքի անկումը Հայաստանում կազմել է 14.4 տոկոս:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բագրատյանը հավելեց, որ չնայած նման անկմանը, անցած տարի գրանցվել է առեւտրի ու ծառայությունների ֆիզիկական ծավալների աճ, աճ են գրանցել նաեւ բանկային կուտակումները։

«Վերջին հաշվով առեւտուր, գումարած ծառայություններ, գումարած կուտակումներ. կոպիտ ասած՝ դա ՀՆԱ-ն է։ Այստեղ անհամապատասխանություն կա։ Սա բացատրում են նրանով, որ դրսից վարկեր են վերցրել ու բաշխել ժողովրդին, բայց դա այդպես չէ. վարկերի մի մասը գնացել է համալրելու Կենտրոնական բանկի պահուստները, մի մասը տվել են օլիգարխներին, մի մասն էլ դեռ չեն ծախսել», - շարունակեց Բագրատյանը։ - «Այստեղ արդեն հակասություն կա: Բայց ես սովոր եմ արդեն դրան: Մենք չունենք Ազգային վիճակագրական ծառայություն… Իրենց պետք էր դրական դինամիկա ցույց տալ»:

«Մյուս կողմից, եթե Հայաստանի տնտեսության անկումը չափենք ամերիկյան դոլարով եւ ոչ թե շուրջ մեկ քառորդով արժեզրկված դրամով, մենք կտեսնենք, որ մեր ՀՆԱ-ն անկում է գրանցել մոտ 32 տոկոս», - պնդեց նախկին վարչապետը։

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) նման գնահատականների կապակցությամբ ասաց. - «Ուղղակի անհասկանալի է այդպիսի մոտեցումը: Որովհետեւ կա մեթոդիկա, եւ այդ մեթոդիկայում հստակ նկարագրված են այն սկզբունքները, որոնցով պետք է ցանկացած երկրում հաշվարկվեն նույն մեծությունները: Եվ այլ պարագայում տարբեր երկրների ստացված արդյունքները համադրելի չեն լինի: Այդ մեթոդիկայով հաշվել է նաեւ մեր վիճակագրական վարչությունը»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, ներկայում է'լ ավելի կարեւոր է այն, որ մենք փակելով 2009 թվականը ամենեւին էլ հրաժեշտ չենք տալիս տնտեսական խնդիրներին։

«Անկումը կանգ չի առել», - շարունակեց նախկին վարչապետը` ընդգծելով: -«Իսկ կառավարությունն էլ ոչինչ չարեց, որպեսզի լուծվեն այն պրոբլեմները, նաեւ որոնց պատճառով մենք ունեցանք նման անկում։ Ինձ հայտնի չէ տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած որեւէ քայլ»։

Գագիկ Մինասյանի խոսքով, չնայած Հայաստանում տեղի ունեցած նման տնտեսական անկման պատճառներից մեկը, իրոք, պակաս դիվերսիֆիկացիան էր, սակայն, այնուամենյանիվ, կառավարությունը ճիշտ արեց, որ ճգնաժամի ամիսներին ֆինանսավորեց տնտեսության մեջ նույն գերիշխող ճյուղերը` շինարարությունը եւ հանքահումքային ոլորտը։

«Որովհետեւ հենց այդ երկու ոլորտներն են, որ ապահովում են ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը, ամենամեծ աշխատատեղերը եւ հնարավորություն էին ստեղծում այդ ճգնաժամի իրավիճակում հասարակության մեծ խավերի համար ապահովել աշխատատեղեր եւ աշխատավարձեր», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Բայց դա միայն ճգնաժամի ժամանակ էր։ Հատկապես ճգնաժամից հետո Հանրապետության ղեկավարությունը քաղաքական որոշման է հանգել տնտեսության բազմազանեցման նպատակով եւ առաջիկայում կձեռնարկվեն շոշափելի քայլեր այդ ուղղությամբ»:

Ընթացիկ տարվա առումով Բագրատյանը կանխատեսեց. - «Ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Մոնոպոլիաների դերը է՜լ ավելի կուժեղանա, երբեք չեն գնա տնտեսության դիվերսիֆիկացիայի, որովհետեւ տնտեսության դիվերսիֆիկացիան կնշանակի ստեղծել միջին խավ, զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին, ստեղծել անկախ, պետությունից քաղաքականապես, տնտեսապես չկախված մարդկանց, որոնք հայտնի չէ, թե ինչպես իրենց կպահեն ընտրությունների ժամանակ… Այս բոլորը չի լինելու Հայաստանում»:

«Ես գիտեմ, որ մեր ընդդիմախոսները ասում են, որ 1.2 տոկոս տնտեսական աճը հազիվ թե իրական լինի», - իր հերթին ասաց Մինասյանը: - «Ես պնդում եմ՝ դա կլինի նվազագույն տնտեսական աճը, որ մենք կարձանագրենք այս տարի»:
XS
SM
MD
LG