Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ օրենսդիրների, կառավարության անդամների, բարձրաստիճան հյուրերի եւ ժողովրդի առջեւ հանդես կգա իր առաջին ամենամյա ուղերձով: Սպիտակ տան ղեկավարը կամփոփի նախորդ տարվա ձեռքբերումներն ու կորուստները, կներկայացնի առաջիկա ծրագրերը եւ դրանով իսկ կփորձի վերականգնել պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում էականորեն ընկած վարկանիշը։

Փորձագետների համոզմամբ, մասնավորապես, Օբաման կանդրադառնա արտաքին հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին, սակայն ելույթի առանցքում կլինի տնտեսությունը. թեեւ վերջին ամիսներին այն սկսել է առողջացման նշաններ ցույց տալ, այդուամենայնիվ, գործազրկության ցուցանիշը շարունակում է մնալ ռեկորդային բարձր` ամերիկացիների շուրջ 10 տոկոսն այժմ աշխատանք է փնտրում:

«Նախագահն իր ելույթում մի շարք գաղափարներ եւ ծրագրեր կներկայացնի՝ այն մասին, թե ինչ անել տնտեսությունը ամուր հիմքերի վրա դնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ միջին խավն ամրապնդելու համար», - ուղերձից առաջ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը։

«Մենք պետք է վերականգնենք միջին խավի վստահությունը ապագայի հանդեպ, որպեսզի վաղը, երբ տնտեսությունը վերագտնի իր նախկին թափը, ամերիկացիները կարողանան իրականություն դարձնել իրենց երազանքները», - նախօրեին հայտարարել է Բարաք Օբաման:

Փորձագետների խոսքով` նախագահի այս հայտարարությունը պատահական չէ. սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ամենից շատ Օբամայի քաղաքականությունը քննադատում է հենց միջին խավը, եւ առաջիկա ընտրություններում հենց նրա ձայնն է լինելու ամենավճռորոշը։ Միջին վիճակագրական ամերիկացու վստահությունը կրկին շահելու համար, ակնկալվում է, որ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը մի շարք օրենսդրական փոփոխություններ կներկայացնի, օրինակ` կառաջարկի հարկային արտոնություններ սահմանել մանկահասակ երեխաների, թոշակառուների խնամող ընտանիքների համար, ինչպես նաեւ կառաջարկի հավելյալ միջոցներ տրամադրել անապահով ընտանիքներին օգնելու համար։

Մյուս կողմից, ակնկալվում է, որ Օբաման կառաջարկի կրճատել պետական ծախսերը մի շարք բնագավառներում, ինչը թույլ կտա նվազեցնել ռեկորդային`1.4 տրիլիոն դոլարի հասնող բյուջեի պակասորդը։ Կրճատումները, հաղորդագրությունների համաձայն, կկատարվեն արդարադատության, գյուղատնտեսության ու կրթության ոլորտներում, սակայն չեն անդրադառնա անվտանգության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների եւ տնտեսության կայունացմանը ուղղված ծրագրերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG