Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական երկիր»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: 26-ը հունվարի, 2010 թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: 26-ը հունվարի, 2010 թ.

«Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ընդունելով Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ով Երեւանում է հայ - վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) ընդունում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: 26-ը հունվարի,2010թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկա Գիլաուրին ասաց, որ Վրաստանը ողջունում է նաեւ «հայ-թուրքական սահմանի բացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»:

«Ինչ վերաբերում է [Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների] սակագների վերանայմանը, ապա, իմ կարծիքով, սահմանի բացումը չի ազդի սակագնի վրա, բայց դիվերսիֆիկացիան դրական կլինի բոլոր երկրների համար», - հավելեց Վրաստանի վարչապետը:

Էներգետիկայի բնագավառին վերաբերող հարցին ի պատասխան Գիլաուրին ասաց, թե այդ բնագավառում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները «շատ լավն են», եւ որ այս տարի նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել Աշոցք – Նինոցմինդա բարձրավոլտ գծի շինարարության ուղղությամբ:

«Դա կառավարության 2010 թվականի ծրագրերում ներառված կարեւորագույն միջոցառում է, որի ֆինանսավորումը մենք ապահովելու ենք», - հավելեց Հայաստանի վարչապետը: - «Համոզված ենք, որ այս տարի շինարարության աշխատանքները մեծ թափով ընթանալու են»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դերը ռուս-վրացական հարաբերություններում, Գիլաուրին արձագանքեց. - «Այդ հարցում ես տեսնում եմ Ռուսաստանի դերը: Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի քանի, այդ թվում՝ Վերին Լարսի հարցում: Վերին Լարսի անցակետի բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար, եւ Ռուսաստանը պետք է վերացնի այդ սահմանափակումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG