Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական երկիր»


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: 26-ը հունվարի, 2010թ.
«Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ով Երեւանում է հայ - վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահին է փոխանցել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լավագույն բարեմաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: «Մենք հիմա լավագույն` եղբայրական հարաբերություններ ունենք», - ասել է Նիկա Գիլաուրին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Գիլաուրին Սերժ Սարգսյանին հայտնել է, որ միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստն անցել է բավականին արդյունավետ, քննարկված գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են պայմանավորվածությունների: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Վրաստանում:

Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների, տարածաշրջանային խնդիրների մասին:

Այսօր Նիկա Գիլաուրիին ընդունել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG