Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլը Սոչիի հանդիպման մասին


Արեւմտյան, ռուսաստանյան, ադրբեջանական եւ թուրքական պարբերականները լայնորեն լուսաբանել են երկուշաբթի օրը Սոչիում տեղի ունեցած ռուս - հայ - ադրբեջանական հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր։

Մեկնաբանները նշում են, որ դա այս տարի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի անդրանիկ հանդիպումն էր։ Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով, Սոչիում արված հայտարարությունը այն մասին, թե կա «ապագա համաձայնագրի նախաբանի շուրջ ընդհանուր ըմբռնում», ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիեւի եւ Սարգսյանի կողմից զիջում Մեդվեդեւին, քանի որ եռակողմ ձեւաչափով հինգ հանդիպումները էական արդյունք չեն տվել, «ինչը մի տեսակ անհարմար է Ռուսաստանի նախագահի համար»:

Moscow Times-ի մեկնաբան Նիքոլաս ֆոն Թվիքելը նշում է, որ դռնփակ բանակցություններից հետո ո'չ Ալիեւը եւ ո'չ էլ Սարգսյանը որեւէ հայտարարություն չեն արել։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մեկնաբան Ելենա Կրիվյակինան գրել է, թե Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորումն իրական չէ, եւ վկայակոչել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Սոչիի հանդիպման նախօրեին ասել է, թե Երեւանում այս տարի Ղարաբաղի հարցում ճեղքում չեն ակնկալում։

Թուրքական Hurriyet-ը Սոչիի հանդիպումը դիտում է հայ - թուրքական երկխոսության համատեքստում` գրելով, թե «Ղարաբաղի հակամարտությունը առանցքային նշանակություն ունի երկու երկրների կապերի բարելավման համար, Անկարան հայտնել է, որ բնականոն հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու գործընթացին զուգահեռ պետք է իրականացվի նաեւ հայ - ադրբեջանական վեճի կարգավորումը»։

«Գազետա»-ի մեկնաբան Անաստասիա Նովիկովայի փոխանցմամբ` կարգավորման հեռանկարը մոտ չէ: «Այն պահին, երբ նախագահները հարցը քննարկում էին Սոչիում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի բացառում տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը», - գրում է մեկնաբանը: Ըստ թերթի` վերլուծաբանները համոզված են, որ ռազմական ուղին աղետալի կլինի երկու կողմի համար։ Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն «Գազետա»-ին ասել է, թե Մադրիդյան սկզբունքները չի կարելի համարել կարգավորման բանալի, քանի որ դրանցում կա անլուծելի մի հարց` դա Ղարաբաղի անկախության ճանաչումն է։ «Բայց կա մեկ այլ խնդիր, որը, կարծես թե, կլուծվի` դա Ադրբեջանի տարածքից Հայաստանի բանակը դուրս բերելն է. դրա շուրջ էր ամբողջ առեւտուրը, վաղ թե ուշ դա տեղի կունենա», - ասել է Մալաշենկոն։

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է, թե ըստ բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուրի` Մադրիդյան սկզբունքների նախաբանում տեղ են գտել առաջիկա բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը։

«Կոմերսանտ»-ի պնդմամբ, այս անգամ ռուսական կողմն առավել ակտիվ հայերի հետ է աշխատել. հունվարի 13-ին Երեւան է այցելել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որին հրավիրելը Մոսկվայի կողմից քայլ էր` ուղղված Սոչիի եռակողմ գագաթնաժողովի կազմակերպմանը, ապա Մոսկվա են մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, եւ, վերջապես, հունվարի 18-ին Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին է ընդունել։ Ըստ «Կոմերսանտ»-ի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են գրավոր ներկայացնել հակամարտության կարգավորման խնդրում իրենց համար վիճելի սկզբունքների վերաբերյալ ձեւակերպումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG