Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովին է ներկայացրել ծավալուն փաստաթուղթ, որում մանրամասն ներկայացնելով իր մեկնաբանությունները հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի դիտարկումների վերաբերյալ` Վեհաժողովից պահանջում է չհանդուրժել «Հայաստանում 15 քաղբանտարկյալների առկայությունը» եւ նպաստել մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ եւ վստահություն ներշնչող քննությանը:

Կոնգրեսը անհրաժեշտ է համարում քննության վերապահումը այնպիսի մարմնի, որտեղ իշխանություններն ու ընդդիմությունը կունենան հավասար ներկայացվածություն, ընդգրկված կլինեն նաեւ միջազգային փորձագետներ:

«Մենք կարծում ենք, որ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հարցը դեռ լուծված չէ, եւ մենք համարում ենք, որ դա ո'չ կարող է անել տխրահռչակ Նիկոյանի այդ պարտակման հանձնաժողովը [«Մարտի 1»-ի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը], ո'չ էլ կարող է անել մարդու իրավունքների պաշտպանը, որովհետեւ նա գտնվում է ակնհայտ ճնշումների ներքո, իշխանությունների ճնշումների տակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. - «Ուստի մենք նորից շարունակում ենք պնդել, որ մարտի 1-ի իրադարձությունների մասին ճշմարտության բացահայտման` պաշտոնական բացահայտման միակ երաշխիքը կարող է լինել, եթե ստեղծվի լիազոր մարմին, որտեղ հավասարապես ներկայացված լինեն իշխանությունները եւ ընդդիմությունը, պլյուս` անպայման ներկայացված լինեն միջազգային էքսպերտներ»:

Կոնգրեսը նաեւ ընդգծում է, որ «ոչ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ոչ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ոչ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ չնայած հարյուրավոր քաղաքացիներ ու ոստիկաններ են ականատես եղել իրադարձություններին, կան տեսագրություններ». - «Իսկ խորհրդարանական նախկին հանձնաժողովի զեկույցում մարտի 1-ի դեպքերի նկարագրական մասի 60 տոկոսը ընդդիմության ակտիվիստների դեմ դատախազության մեղադրական ակտի վերարտադրությունն է»:

Ընդդիմադիրները համոզված են, որ միջազգային կառույցները չեն կարող մշտապես աչք փակել իրենց բանաձեւերում առաջ քաշված եւ լուծում չստացած հարցերի վրա:

Նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համազեկուցողները ինչ պատճառաբանություններով էլ ձգձգեն կամ փորձեն աչք փակել, Եվրախորհուրդը, ի վերջո, «լուրջ քայլեր չձեռնարկել չի կարող»:

Խորհրդարանական նախկին հանձնաժողովում Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) ներկայացրած Արտավազդ Վարդանյանը, ով չէր ստորագրել հանձնաժողովի վերջնական եզրակացությունը եւ դուրս էր եկել ԱԺՄ-ից, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե մեծ հույսեր չի կապում միջազգային կառույցների հետ՝ ընդգծելով, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն մեղավորներին պատժելու մասին:

Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը իրենց 24 կետից բաղկացած դիտարկումները ներկայացրել է Մոնիտորինգի հանձնաժողովին: Հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցի քննարկումը նախատեսված էր երկուշաբթի օրը, սակայն հայաստանյան պատվիրակության մանդատների հաստատման հետ կապված խնդիրների պատճառով հետաձգվեց:

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը ստեղծված իրավիճակը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հիմնական կազմի անդամի կարգավիճակից զրկելը համարում է հայաստանյան պատվիրակությանը կառավարելի դարձնելու փորձ, որի նպատակն է, ըստ նրա, փակել «Մարտի 1»-ի վերաբերյալ ճշմարտությունը Վեհաժողովին հասցնելու ճանապարհները:

«Սա իշխանությունների հերթական ծաղրածուական կամ ժուլիկական քայլն է, որով նրանք փորձում են փակել Հայաստանից ճշմարտությունը Ստրասբուրգ հասցնելու բոլոր կանալները», - համոզված է Լեւոն Զուրաբյանը:
XS
SM
MD
LG