Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Քրոուլի. «ԱՄՆ-ը կշարունակի քաջալերել Հայաստանին եւ Թուրքիային` վավերացնելու արձանագրությունները»


Պաշտոնական Վաշինգտոնը կրկին կարեւորում է հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը եւ հայտարարում է, թե կշարունակի այս հարցում քաջալերել Հայաստանին եւ Թուրքիային։ Այդ մասին նախօրեին մամլո ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին՝ պատասխանելով թուրք լրագրողներից մեկի հարցին։

«Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղուն հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ փոխանցել Անկարայի մտահոգությունները` Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ։ Ինչպե՞ս է այդ մտահոգություններին արձագանքել Հիլարի Քլինթոնը, ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել նրանց զրույցից», - այս հարցին պետքարտուղարի օգնականը պատասխանել է. - «Թե' դռնփակ զրույցներում, թե' հրապարակավ Վաշինգտոնի դիրքորոշումը նույնն է. կարեւոր է, որ երկու կողմերն էլ քայլեր ձեռնարկեն իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ՝ ելնելով երկու երկրների միջեւ անցած տարի ստորագրված արձանագրություններից։ Մենք հասկանում ենք, որ դա յուրաքանչյուր երկրի գործադիր իշխանությունից աշխատանք է պահանջում խորհրդարանների հետ: Մենք կշարունակենք մեր երկխոսությունը ե'ւ Թուրքիայի, ե'ւ Հայաստանի հետ՝ քաջալերելու նրանց՝ վավերացնել անցած տարի ձեռք բերված համաձայնությունը»։

Թուրք լրագրողը նաեւ մեկնաբանություն է խնդրել հայ - թուրքական արձանագրությունների հարցով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման շուրջ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի գնահատականների վերաբերյալ: Պետքարտուղարի օգնականը եւս մեկ անգամ հաստատել է Ֆիլիպ Գորդոնի այդ գնահատականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG