Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը ժամանում է Երեւան


Մանուչեհր Մոթաքի
Մանուչեհր Մոթաքի

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը ժամանում է Երեւան, որտեղ նախատեսված է Հայ - իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը։

Մեկօրյա այցի ընթացքում հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ պաշտոնյաներ։

Անցած շաբաթ Թեհրան էր այցելել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ ուղեկցությամբ։

Վերլուծաբանները ուշագրավ են համարում այն, որ չնայած Քոչարյանի` նախկին ղեկավար լինելու հանգամանքին, Իրանում նրան ամենաբարձր մակարդակով են ընդունել։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել են նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։

Հանդիպումների ընթացքում, ըստ իրանական մամուլի, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ըստ ամենայնի զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։ Բացի այդ, նա խոսել է տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին, ինչը Հայաստանի ընդդիմադիր շրջանակներին առիթ է տվել ենթադրելու, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու փորձ է անում։

Երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մինչդեռ, պնդել է, թե Ռոբերտ Քոչարյանը Իրանում հայտարարություններով հանդես չի եկել։ Սողոմոնյանի փոխանցմամբ` «այցը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG