Մատչելիության հղումներ

Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը




Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, երկուշաբթի օրը Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց:

Փակ դռների հետեւում անցկացվող հանդիպումը սկսվեց Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին` Ռուսաստանի նախագահի «Կրասնայա Պոլյանա» նստավայրում, եւ տեւեց մոտ 2 ժամ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումը օգտակար գնահատեց եւ հայտնեց, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացրած փաստաթուղթը:

«Հանդիպման ժամանակ շարունակվեց դեռ անցած տարի սկսված նման ձեւաչափով խոսակցությունը` խոսակցություն, որը ամրապնդում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորման որոնմանը, որը ընդունելի լիներ բոլոր շահագրգիռ կողմերի համար», - ասաց Լավրովը: - «Խոսակցությունը օգտակար էր, քննարկվում էին այն կոնկրետ առաջարկները, որոնք ներկայացրել են համանախագահները: Կա ընդհանուր ըմբռնում, եւ բոլորը դա հաստատեցին, այդ փաստաթղթի նախաբանի առնչությամբ: Եվ բոլորի կողմից օգտակար համարվեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս խոսակցություն վարել ոչ թե վերացական, այլ կոնկրետ ձեւակերպումների հետ կապակցված»:

Հանդիպման գլխավոր արդյունքը, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «դարձավ պայմանավորվածությունը այն մասին, որ թեեւ կան փաստաթղթի ինչ-որ մասեր, որոնք դեռեւս կողմերի համաձայնության առարկա չեն, այդ մասերի վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, իրենց կոնկրետ ձեւակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում: «Մենք վստահ ենք, որ դա կօգնի համանախագահներին իրենց հետագա աշխատանքում», - ընդգծեց Լավրովը` ամփոփելով. - «Այնպես որ, խոսակցությունը բաց էր, անկասկած` օգտակար, եւ նախագահները պայմանավորվեցին այն շարունակել»:

Ռուսաստանի արտգործնախարարը չմանրամասնեց, թե նախաբանում ինչ է գրված, նշելով, որ «փաստաթուղթը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:

Սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով արդեն երրորդ հանդիպումն էր: 2008 թվականի նոյեմբերին կայացած առաջին հանդիպման արդյունքում, 16 տարի շարունակվող բանակցություններում առաջին անգամ` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին եւ իրենց հավատարմությունը հայտնեցին Ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ դիվանագիտական կարգավորմանը: Երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ անցած տարի Քիշնեւում` ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում էին առանց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցության: Միջնորդների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ առանձին, եռակողմ հանդիպումից հետո` ուշ երեկոյան, Սոչիի օդանավակայանում:

Մոտ մեկեւկես ժամ տեւած հանդիպման ավարտին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, փոխանցեց. - «Նախագահները կներկայացնեն իրենց առաջարկները այն կետերի շուրջ, որ կողմերը դեռ չեն համաձայնեցրել, եւ, իմ կարծիքով, մենք կժամանենք տարածաշրջան` ծանոթանալու այդ առաջարկներին»:

«Մոտեցե՞լ են արդյոք կողմերի դիրքորոշումները», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մերզլյակովը պատասխանեց, թե «կա փոխըմբռնում, եւ կոնցեպտուալ առումով կողմերը ներկայացված սկզբունքներից շատերին համաձայն են»:

Մերզլյակովը հայտնեց նաեւ, որ ինքը որպես Մինսկի խմբի համանախագահ կաշխատի դեռ երկու-երեք ամիս, իսկ թե ո՞վ իրեն կփոխարինի` չասաց, սակայն հավելեց, որ ռուսաստանցի նոր համանախագահը չի լինի փոխարտգործնախարարի մակարդակի պաշտոնյա:

Նախկինում շրջանառության մեջ էր այն տեղեկությունը, որ Մերզլյակովին կարող է փոխարինել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք նախագահների եռակողմ հանդիպման նոր ձեւաչափը, երբ դրան չեն մասնակցում Մինսկի խմբի համանախագահները, չի՞ նշանակում, որ սկսվել է Մինսկի խմբի բանակցային գործընթացին զուգահեռ նոր գործընթաց` Ռուսաստանի նախաձեռնությամբ, Մերզլյակովը պատասխանեց, որ ոչ, եւ որ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են այդ հանդիպումը:


Ազա Բաբայան, Սոչիից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG