Մատչելիության հղումներ

Կանադայում գումարվում է Հայիթիի խնդրով խորհրդաժողովը


Հայիթիի մայրաքաղաքի համայնապատկերը: 20-ը հունվարի, 2010 թ.:
Հայիթիի մայրաքաղաքի համայնապատկերը: 20-ը հունվարի, 2010 թ.:

Այսօր Մոնրեալում գումարվում է միջազգային խորհրդաժողով, որի օրակարգում Հայիթիին օգնություն ցուցաբերելու հարցն է։

Խորհրդաժողովին մասնակցում են Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելերիվը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները, այլ պետությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երեկ Հայիթիի կառավարությունը հայտնել էր, որ հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը միայն մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում եւ հարակից շրջաններում հասել է շուրջ 150 հազարի։ Եղբայրական գերեզմաններում հուղարկավորել են առնվազն 75 հազար զոհի։ Զոհերի ընդհանուր թվի մասին ստույգ տեղեկություններ չկան։

«Ոչ ոք չի կարող ասել, թե իրականում քանի մարդ է մնացել ավերակների տակ` 200 հազա՞ր, 300 հազա՞ր, որտեղի՞ց իմանանք»,- «Ասոշեյթեդ փրեսս»-ին ասել է Հայիթիի տեղեկատվության նախարար Մարի-Լորան Ժոսլի Լասեկը։

Պորտ-օ-Պրենսում եւ Լեոգանում կառուցվելու են անօթեւանների վրանաշեն ավաններ։ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետների համոզմամբ, Հայիթիին անհրաժեշտ է 100 հազար վրան՝ մոտ 500 հազար մարդկանց ժամանակավոր ապաստան տալու համար։ Անօթեւանների ընդհանուր թիվը կարող է կազմել մոտ 1.5 միլիոն մարդ։

Հայիթիի որբ երեխաներից նրանք, ովքեր արդեն ունեն որդեգրման ձեւակերպված փաստաթղթեր, այժմ տեղափոխվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ եվրոպական երկրներ։

Մինչդեռ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈԻՆԻՍԵՖ-ի պաշտոնյաները ահազանգում են, թե հիվանդանոցներից երեխաների անհետացման դեպքերը կարող են վկայել թրաֆիքինգի մասին։

Հայիթիի բնակիչները փրկարարներին խնդրում են շարունակել որոնողական աշխատանքները՝ չնայած այն բանին, որ կառավարությունը ազդարարել է, թե որոնումներն ավարտված են եւ սկսվում է քաղաքներն ավերակներից մաքրելու ու կյանքն աստիճանաբար վերականգնելու փուլը։

Դրական լուրերի շարքում մեկնաբաններն առանձնացնում են այն հանգամանքը, որ համաճարակների տարածում առ այս պահը չի գրանցվել, թեպետ կան հակասանիտարական վատ պայմանների հետեւանքով ի հայտ եկած հիվանդությունների դեպքեր։

Որոշ խանութներ, դրամատներ եւ այլ հիմնարկներ արդեն վերսկսել են աշխատանքը։

Միջազգային համայնքը խոստացել է Հայիթիին տրամադրել մոտ մեկ միլիարդ դոլարի օգնություն։

Շոու-բիզնեսի աստղերը աշխարահռչակ կինոդերասան Ջորջ Քլունիի նախաձեռնությամբ կազմակերպած երկօրյա թելեթոնի ընթացքում Հայիթիի համար 57 միլիոն դոլար են հավաքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG