Մատչելիության հղումներ

logo-print

«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության նախկին սեփականատերերը` Սուքիասյանները դիմել են դատարան՝ պահանջելով չեղյալ համարել դեկտեմբերի 25-ին կայացած «Բջնի»-ի ուղղակի վաճառքի պայմանագիրը:

Հիշյալ պայմանագրով «Բջնի»-ի ամբողջ գույքը, ինչպես նաեւ հանքային իրավունքները վաճառվել են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերությանը 4.3 միլիարդ դրամով (մոտ 12 միլիոն դոլար)՝ գումարը տարաժամկետ վճարելու պայմանով:

Սուքիասյանների ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ պայմանագիրը պետք է չեղյալ համարվի մի քանի պատճառով: Առաջինը՝ հանքային իրավունքները վաճառելու համար անհրաժեշտ է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թույլտվությունը, որը պայմանագրում գոյություն չունի: Բացի այդ՝ տարաժամկետ վճարումը հակասում է սնանկության մասին օրենքին:

Մինչ «Բջնի»-ի սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը փաստում է, որ օրենքը չի արգելում տարաժամկետ վաճառքը, Արա Զոհրաբյանը պնդում է, որ օրենքը չի թույլատրում. - «Պայմանագիրը անվավեր է, քանի որ տարաժամկետ վճարման պայմանով վաճառք օրենքը չի թույլատրում: Այսինքն` սնանկության մասին օրենքով թույլատրված չէ, ուրեմն` չպետք է կնքել: Չմոռանանք, որ կառավարիչը այլ կազմակերպության կառավարումն է վերցնում իր ձեռքը եւ այլ կազմակերպության անունից գործողություններ է կատարում: Իսկ դա նշանակում է, որ օրենքով պետք է հստակ լինեն նրա լիազորությունները: Հակառակ դեպքում, կարելի է ցանկացած կազմակերպության մտնել-սնանկ ճանաչել եւ, օրինակ, վաճառել նրա գույքը 100 տարի վճարման պայմանով»:

Արա Զոհրաբյանը ասաց նաեւ, թե կառավարիչն իրավունք չուներ աճուրդից ուղղակի գործարքի անցնելու առանց դատարանի որոշման, մինչդեռ որոշումը կայացվել է միայն մի քանի պարտարերերի ժողովի ժամանակ:

«Աճուրդից ուղղակի գործարքին անցնելը անօրինական է եղել` չկա համապատասխան դատական ակտ, եւ երկրորդ` անհիմն է եղել, որովհետեւ, փաստորեն, ստացվում է` մեկնարկային գնից պակաս գնով, ընդ որում` այդպիսի շատ վատ պայմաններով վաճառել են երրորդ անձին», - ընդգծեց Սուքիասյանների ներկայացուցիչը:

Ամենակարեւոր փաստարկը, սակայն, ըստ Արա Զոհրաբյանի, այն է, որ գործարքը խտրական վերաբերմունք դրսեւորում է Սուքիասյանների նկատմամբ: «Հայցվորները գտնում են, որ Խաչատուր Սուքիասյանի քաղաքական հայացքների պատճառով իրենց նկատմամբ խտրական մոտեցումներ են դրսեւորվել, ինչի արդյունքում էլ, բնականաբար, նրանք զրկվել են սեփականությունից», - ասաց նա:

«Սիլ կոնցեռն»-ին պատկանող «Բջնի» գործարանում 2007 թվականի նոյեմբերից իրականացված ստուգումների արդյունքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին։ Նույն ամսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործարանում գույքագրում էր կատարել եւ գույքը կալանքի տակ առել:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

2009 թվականի հունվարին, այնուհետեւ՝ փետրվարին տեղի ունեցած կրկնաճուրդի արդյունքում գործարանը գնեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ «Բջնի» գործարանի տնօրինությունը, սակայն, վիճարկեց աճուրդի օրինականությունը։ Դատարանը բավարարեց այս հայցը եւ գործարքը չեղյալ համարեց։ Այնուհետեւ գործարանի նկատմամբ սահմանվեց սնանկացման գործընթաց, որի ընթացքում դատարանի կողմից նշանակվեց սնանկության գործընթացի կառավարիչ։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
XS
SM
MD
LG