Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ: 25-ը հունվարի, 2010:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ: 25-ը հունվարի, 2010:

Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան հարցին, թե որքանով է հավանական ռազմական գործողությունների վերսկսկումը Լեռնային Ղարաբաղում, հայտարարեց. - «Պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա»:

«Եվ ես՝ որպես պաշտպանության նախարար, միշտ էլ պատրաստվում եմ դրան», - շարունակեց նախարարը: - «Ե'վ բանակի ողջ անձնակազմը գիտի, ե'ւ մեր բոլոր կռվող տղաները, մոբիլիզացիոն ռեսուրսը գիտեն, որ բանակի ղեկավարությունը, սկսած պաշտպանության նախարարից, մասնակից են լինելու այն բոլոր թեժ եւ դժվարագին կետերին, որ հանկարծ, Աստված մի արասցե, կլինի մեր հանրապետության սահմաններում եւ Արցախի սահմաններում, մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Նախարարը անդրադարձավ նաեւ վերջին տարիներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների կողմից շփման գծում ձեռնարկած ինժեներատեխնիկական աշխատանքներին՝ ասելով. - «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մի այնպիսի ինժեներական համակարգ է ստեղծված, որը հենց այնպես, դասական ոճով հակառակորդի կողմից հարձակում կազմակերպելը եւ հաղթահարելը անհնարին է»:

Սեյրան Օհանյանը խոսեց նաեւ բանակցային գործընթացի մասին՝ նշելով, թե Հայաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. - «Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետության հետ պետք է ունենա ընդհանուր ցամաքային սահման, առկա լինեն անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, այդ թվում՝ միջազգային»:

«Այսօր բանակցային գործընթացում, իհարկե, Ադրբեջանը փորձում է կորզել մաքսիմալը, բայց Ադրբեջանը պետք է հասկանա հետեւյալը. եթե համատեղ գնում ենք հարցի լուծման եւ երկուստեք կարող ենք ընդառաջ գնալ եւ փորձել լուծել հարցը, ապ այդ հարցը միակողմանիորեն երբեք չի կարող լուծել», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը:
XS
SM
MD
LG