Մատչելիության հղումներ

Թուրքիայի ներկայացուցիչը ընտրվեց ԵԽԽՎ-ի նախագահ


ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն:

ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն:

Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով փոխանցեց Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, վեհաժողովի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Մեւլյութ Չավուշօղլուն:

Թեեւ Փոստանջյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ զրկվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության հիմնական անդամի կարգավիճակից, նա մեկնել է Ստրասբուրգ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով:

Փոստանջյանի փոխանցմամբ, լիագումար նիստում արդեն քննարկվել է հայաստանյան պատվիրակության անդամների մանդատի հարցը:

«Լիագումար նիստը սկսվեց այն հարցի քննարկունից, թե արդյոք կան առաջարկներ ազգային դելեգացիաների մանդատների վիճարկման վերաբերյալ, եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամներից մեկը բարձրացրեց հարցը, որը վերաբերվում էր Հայաստանի պատվիրակության հավատարմագրերին: Այսինքն՝ վիճարկման խնդիր բարձրացրեց», - պատմեց Զարուհի Փոստանջյանը: - «Դրանից հետո որոշում կայացվեց, որ պետք է ուղարկվի պրոցեդուրաների եւ իմունիտետի հանձնաժողով»:

Հայաստանյան պատվիրակության մանդատների հաստատման կամ մերժման հարցը քննարկվելու է նշված հանձնաժողովում, որն այնուհետեւ հանդես է գալու համապատասխան զեկույցով:

Հայաստանյան պատվիկության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես որոշ մանրամասներ փոխանցեց պատվիրակության անդամների մանդատների հատատման շուրջ ծագած խնդրի վերաբերյալ:

«Քաղաքական խմբերից մեկի ղեկավարը՝ Խրիստոս Բուրգուրիդիսը Կիպրոսից, հարց բարձրացրեց, որ վիճարկում է Հայաստանի պատվիրակության իրավունքները: Եվ, բնականաբար, այդ դեպքում սկսում է գործել կանոնակարգով նախատեսված ամբողջ պրոցեդուրան», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Պրոցեդուրայի էությունն այն է, որ կանոնակարգի հարցերով զբաղվող հանձնաժողովը իր նիստում պետք է վերլուծի՝ արդյոք պատվիրակության կազմը նշանակված է Վեհաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Եթե հանձնաժողովը հանգի այն եզրակացության, որ կանոնակարգը պահպանված է, ապա այդ դեպքում հարցը ավտոմատ կերպով հանվում է օրակարգից եւ համարվում է, որ պատվիրակության լիազորությունները հաստատված են: Եթե հանձնաժողովը հանգի այն եզրակացությանը, որ առկա են խախտումներ, ապա այդ դեպքում Վեհաժողովը պետք է անցկացնի այդ հարցով քննարկումներ»:

Ստեղծված իրավիճակում՝ քանի դեռ չեն վերահաստատվել [պատվիրակության] լիազորությունները, հայաստանյան պատվիրակության անդամները [որպես լիարժեք անդամներ] չեն կարող մասնակցել նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

Այսօր, ըստ օրակարգի, Մոնիտորինգի հանձնաժողովում պետք է քննարկվեր Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցը: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դավիթ Հարությունյանը, հարցի քննարկումը հետաձգվել է՝ ժամանակի սղության պատճառով: Իսկ հայկական կողմը հանձնաժողովի նիստին մասնակցել է որպես հրավիրված կողմ:

«Բանն այն է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր երկիր այսուհետ պետք է ներկայացված լինի երկու պատվիրակության անդամով, այլ ոչ թե երեք», - պարզաբանեց Հարությունյանը: - «Մեզանում երեք անդամ էր՝ տիկին Փոստանջյանը, Արմեն Ռուստամյանը եւ ես: Եվ քանի որ առ այս պահը դեռեւս չեն հանգել եզրակացության, թե որ երկու անդամը պետք է լինել Մոնիտորինգի հանձնաժողովում, հարցը կախակայված է, եւ մենք երեքս էլ չենք ներկայացված՝ հաստատվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում: Եվ մենք այդ հանձնաժողովի նիստերին չենք մասնակցում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարցի քննարկմանը Մոնիտորինգի հանձնաժողովում, ապա Դավիթ Հարությունյանը ասաց. - «Այս նստաշրջանի ընթացքում կքննարկվի անպայման»:
XS
SM
MD
LG