Մատչելիության հղումներ

Հունվարի 23-ի մամուլ


Հայաստանյան մամուլը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի՝ Իրան կատարած այցին։ «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով իրանական islamidavet.com կայքին, գրում է. - «Իրանի արտգործնախարար Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, կարեւորելով Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները, ասել է. - «Մենք ամեն ջանք կգործադրենք Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար», եւ Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը որակել է որպես տարածաշրջանի երկրների կայունությունը եւ անվտանգությունը խաթարող երեւույթ»։ Թերթը հավելում է. - «Իհարկե, երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, թե Քոչարյանի այցը Իրան ոչ պաշտոնական բնույթ է կրել, իսկ իրանական ԶԼՄ-ների նյութերը, ըստ ամենայնի, թյուրըմբռնման կամ ոչ ճիշտ թարգմանության արդյունք են, բայց նախօրեին էլ նույն Սողոմոնյանը հայտարարել էր, թե Քոչարյանը Իրանում է գտնվել պաշտոնական այցով»։

Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանությունը». - «Այդ հանդիպումների վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը նույնպես ուշագրավ էր։ Նրա ասածը մոտավորապես հետեւյալն էր. «Մի՛ անհանգստացեք, լուրջ բան չկա»։ Այսինքն՝ իշխանությունների համար նույնպես հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնին փորձանքի պես բան է, որի հետագա «խորացումը» պետք է կանխարգելել։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Արեւմուտքն ուժեղացնում է ճնշումը Հայաստանի վրա, եւ ինչ-որ մարդիկ որոշում են Քոչարյանին գործուղել Թեհրան՝ դրանով իսկ ակնարկելով, թե «տեսեք, հա, շատ ճնշեք՝ Հայաստանը կգլորենք Իրանի գիրկը»։ Ընդ որում, այս դերի համար Քոչարյանը շատ հարմար թեկնածու է, որովհետեւ իրենից բացարձակապես ոչինչ չի ներկայացնում եւ որեւէ պաշտոնական կարգավիճակ չունի։ Այսինքն՝ Արեւմուտքն ակնարկը կհասկանա, բայց Հայաստանի իշխանությունների վրա «մուննաթ գալու» եւ բացատրություն պահանջելու հնարավություն չի ունենա։ Կասեն «մենք ի՞նչ անենք, մասնավոր անձ է, ում հետ ինչի մասին ուզում՝ զրուցում է»։

«Գոլոս Արմենիի» թերթը կանխատեսում է երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ելքը։ Թերթը գրում է. - «Այդ հանդիպումը հազիվ թե բերի ինչ-որ կտրուկ արդյունքների, քանի որ հին ու բարի ավանդույթի համաձայն հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը կրկին հանդես եկավ «կառուցողական» հայտարարություններով՝ շարադրելով ղարաբաղյան խնդրի լուծման սեփական տեսակետները։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա Ալիեւի հայտարարություններում կրկին փոխզիջումների մասին որեւէ ակնարկ չկա։ Չէ՞ որ բոլորին, եւ առաջին հերթին հենց Իլհամ Ալիեւին հայտնի է, որ նման դիրքորոշումը ի սկզբանե անընդունելի է հայկական կողմի համար։ Այնպես որ, Սոչիի բանակցությունները կարող են ավարտվել միայն «առաջընթացի» մասին ինչ-որ ձեւական հայտարարություններով՝ բացառապես Ռուսաստանի նախագահի միջնորդական առաքելության նկատմամբ հարգանքից ելնելով»։

«Հայոց աշխարհ»-ը տեղեկացնում է. - «Երեկ Մոսկվայում կայացած ասուլիսում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական երկխոսության եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցերի շուրջ տիրող իրավիճակը, հայտարարել է. - «Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները գերակայություն չունեն միմյանց նկատմամբ»։ Լավրովի խոսքերով, այդ սկզբունքների միջեւ ինչ-որ աստիճանակարգ հաստատելու միակ փորձը ձեռնարկվել է 1970 թվականին, երբ ՄԱԿ-ն այդ առնչությամբ հրապարակեց հատուկ բանաձեւ։ «Դրանում ասվում էր, որ պետության տարածքային ամբողջականությունը հնարավոր է միայն այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման դեպքում, եւ այդ կարգի բոլոր հարցերը պիտի կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով»։

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդհանրապես, Հայաստանում շատերին թվում է, թե պրոբլեմը աշխարհին բացատրելն է, որ Ղարաբաղը կամ ազատագրված տարածքները հայերով են բնակեցված եղել։ Աշխարհում շատ-շատերը գուցե թե սա հասկանում են։ Բայց դա, մեծ հաշվով, չի կարող փաստարկ դառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար։ Ի վերջո, պրոբլեմն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ թե պատմական կամ պատմագիտական խնդիր է, այլ քաղաքական, աշխարհքաղաքական, եւ այն պետք է լուծվի գործող աշխարհակարգի կանոններով։ Եվ ուրեմն՝ տվյալ իրավիճակում մեր խնդիրը եղած կանոններին համահունչ դիրքորոշում ունենալն է, այլապես մենք Ստեփանակերտին կարժանացնենք Տիգրանակերտի ճակատագրին։ Ու մինչ ինքներս մեզ համոզում ենք, որ Ղարաբաղը մերն է, համաշխարհային դիվանագիտական կենտրոններում հենց այդ պրոցեսն է տեղի ունենում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG