Մատչելիության հղումներ

Երիտասարդների ակցիան` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի


Ընդդիմադիր երիտասարդների բողոքի ակցիան
Ընդդիմադիր երիտասարդների բողոքի ակցիան

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամները երթով քայլեցին դեպի ԵԽԽՎ-ի երեւանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին` պահանջելով ճնշում գործադրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դատավճիռը փոխվի:

Մինչ երթը կսկսվեր, ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները ՀԱԿ-ի շենքի դիմաց մոտեցան երիտասարդներին եւ ճշտեցին երթի ուղղությունը` հորդորելով նրանց զերծ մնալ իշխանությունների հասցեին վիրավորական կոչերից.

«Հիմա» նախաձեռնության ակտիվիստներից Արեն Մանուկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ սա բողոքի նամակ է` հիշեցնելով, որ Հայաստանը այս կառույցի նկատմամբ պարտավորություններ է ստանձնել. «Մեր պահանջն է, որ անաչառ հետեւեն հայաստանյան գործընթացներին. զեկույցից զեկույց առաջընթաց են արձանագրում, մինչդեռ պահանջները չեն կատարվում»:

Տիգրան Առաքելյանը, ում նկատմամբ քրեական գործը դեռ կարճված չէ, եւ ում խափանման միջոց կալանքը փոխվեց նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով, նույնպես միացել էր ակցիային: Ասաց, որ իր սեփական փորձից շատ լավ է հասկանում դրությունը. «Ես էլ Նիկոլի պես ինձ առաջադրված որեւէ մեղադրանքի հետ կապ չեմ ունեցել»:

Կոնգրեսի երիտասարդական թեւի մեկ այլ ակտիվիստ` Կարեն Թովմասյանը, անձամբ ճանաչում է Նիկոլին. դեռ 2007-ին «Իմպիչմենտ» դաշինքի կազմում մասնակցել է ակցիաների. «Եթե Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, ես ել եմ մեղավոր: Ինչու եմ ես ազատության մեջ, նա` ձերբակալված»:

«Հիմա»-ի ակտիվվիստներից Հերմինեն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ ընդդիմությունը` այդ թվում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բազմիցս է հիասթափություն հայտնել Եվրախորհրդի գործունեության հետ կապված, այդուհանդերձ «դա դեռ չի նշանակում, որ որեւէ բան չպետք է անել». - «Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելու դեպքում երկրում նոր պրոցեսներ կսկսվեին»:

Երթի մասնակցիները առանց որեւէ միջադեպի հասան ԵԽԽՎ-ի երեւանյան գրասենյակ ու հանձնեցին նամակը: Երթի ընթացքում հնչում էին ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ հենց Նիկոլ Փաշինյանի հայտնի կարգախոսները:
XS
SM
MD
LG