Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը չի բացառում հայ-թուրքական գործընթացի ձախողումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ուրբաթ օրը հայտարարեց, թե չի բացառում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումը՝ «եթե Թուրքիան պատրաստ չլինի գնալ արձանագրությունների վավերացմանը, եթե շարունակի, ինչպես անում է մինչ այսօր, նախապայմանների լեզվով խոսել եւ խոչընդոտել առաջընթացը»։

Հայաստանի արտգործնախարարը «իրականությանը չհամապատասխանող» որակեց Թուրքիայի պնդումները, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նախապայմաններ, հակասում է հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների դրույթներին ու նպատակներին, եւ որ արձանագրությունների մեջ ինչ-որ փոփոխություններ են մտցվել հայկական կողմից։

«Ասել, թե Հայաստանը ձգձգում է վավերացման գործընթացը՝ դա էլ է անհեթեթություն։ Մենք հուսով ենք, որ թուրքերը չեն փորձի արհեստական, հորինված պատրվակներ բերել որպես պատճառ այս արձանագրությունները չվավերացնելու համար», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի որոշումը` պնդելով, թե դրանում կան նախապայմաններ, եւ այն վտանգում է հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Այդ հայտարարությանը ի պատասխան, հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ։

Հայաստանը, արտգործնախարարի խոսքով, հետամուտ է արձանագրությունների «տառին եւ ոգուն», պատրաստ է ընթանալ առաջ դրանք առանց նախապայմանների կյանքի կոչելու համար, եւ նույնը ակնկալում է Թուրքիայից։ Իսկ գործընթացի ձախողման դեպքում պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու՝ Թուրքիայի ջանքերը, ըստ Նալբանդյանի, միջազգային հանրության կողմից չեն ընկալվի։

XS
SM
MD
LG