Մատչելիության հղումներ

Ռուս - ադրբեջանական նոր գործարք Սոչիի հանդիպման նախօրեին


Ադրբեջանի պետական նավթային ընկերության լոգոն
Ադրբեջանի պետական նավթային ընկերության լոգոն

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը մտադիր է 2011 թվականին կրկնապատկել Ադրբեջանից ձեռք բերվող բնական գազի ծավալը։ Այդ մասին ասված է ընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում։ Համաձայնությունը ձեռք է բերվել հինգշաբթի օրը Մոսկվայում «Գազպրոմ»-ի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահներ Ալեքսեյ Միլլերի եւ Ռովնագ Աբդուլաեւի աշխատանքային հանդիպման ընթացքում։

«Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում անցկացված հանդիպումից հետո Միլլերը նշել է, որ ներկայումս գործող պայմանագրի համաձայն` Ադրբեջանից գազի մատակարարման վերին սանդղակի սահմանափակում չկա. «Գազպրոմ»-ը կարող է այնքան վառելիք գնել, որքան Ադրբեջանը ի զորու է արդյունահանել եւ վաճառել։

Դրա շնորհիվ, արդեն այս տարի ռուսաստանյան էներգետիկ հսկան նախապես պայմանավորված 500 միլիոն խորանարդ մետր գազի փոխարեն 1 միլիարդ է գնելու, իսկ արդեն 2011 թվականին ծավալը կհասնի մոտ 2 միլիարդ խորանարդ մետրի։

Վերլուծաբանների կարծիքով` դա էապես կսահմանափակի արեւմտյան երկրների աջակցությունը վայելող Nabucco ծրագրի իրականացման հնարավորությունները, ինչը Ռուսաստանի համար միջազգային ասպարեզում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լուրջ նվաճում է։

Ադրբեջանը միջազգային որեւէ գործարք համաձայնեցնելիս այս կամ այն կտրվածքով միշտ արծարծում է Լեռնային Ղարաբաղի թեման, ուստի «Գազպրոմ»-ի եւ SOCAR-ի գործարքը լրացուցիչ քաղաքական լծակ է նաեւ Ադրբեջանի համար։

Վերլուծաբանները այս առումով նշում են, որ առաջիկա երկուշաբթի օրը` հունվարի 25-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG