Մատչելիության հղումներ

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ օրերս 7 տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը իր ներկայացուցչի միջոցով դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել «կեղծված քվեարկությունը»:

Ընդդիմադիրներից բացի, միջազգային եւ տեղական դիտորդները եւս պնդում են, թե ընտրություններն ուղեկցվել են խախտումներով եւ բռնություններով: Չնայած այդ պնդումներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բավական հապճեպ կարգով անցած շաբաթ ամփոփեց ընտրությունների արդյունքներն ու հաղթող ճանաչեց «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը:

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուց ժամեր առաջ թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմումը ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Որոշումը կայացվեց քվեարկության 7 կողմ, մեկ դեմ արդյունքով` միակ դեմ քվեարկողը ԸԸՀ-ում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն էր:
XS
SM
MD
LG