Մատչելիության հղումներ

Զբաղվածության ծառայության կանխատեսմամբ, 2010-ի մայիսից գործազուրկների թիվը կկայունանա եւ կնվազի


Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյան

Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյան

Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, 2009 թվականի ընթացքում գործազրկության մակարդակն աճել է 10 տոկոսով։ Զբաղվածության ծառայության պետ Սոնա Հարությունյանի խոսքով, այժմ աշխատանք է փնտրում 99 հազար 3 հարյուր մարդ։ Նրանք հիմնականում ինժեներներ են, բուժքույրեր, մանկավարժներ եւ բանվորներ։

«Դարձյալ գործազուրկների թվի գերակշիռ մասը կազմում են կանայք։ Մեծ է նաեւ երիտասարդների տեսակարար կշիռը՝ շուրջ 21 տոկոս», - հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սոնա Հարությունյանը։

Զբաղվածության պետական ծառայության տվյալներով գործազրկության մակարդակը՝ գործազուրկների թվի հարաբերությունը զբաղվածների թվին, հունվարի 1-ի դրությամբ 7.1 տոկոս է, նախորդ տարվա տարեսկզբին գրանցված 6.3-ի փոխարեն։

Այս տարի առաջին անգամ ծառայությունը հաշվել է նաեւ երկրում գործազուրկների թվի իրական տոկոսը՝ օգտվելով նոր մեթոդաբանությունից։

«Այս մեթոդոլոգիայով գործազրկության մակարդակը գնահատվել է 27.5 տոկոս», - նշեց Զբաղվածության ծառայության պետը։

Անցյած տարիներին Զբաղվածության ծառայությունը նման հետազոտություններ չեն իրականացրել, սակայն Սոնա Հարությունյանի փոխանցմամբ, 2007-ին նույնատիպ հետազոտություն իրականացրել է Համաշխարհային բանկը. գործազրկության մակարդակը գնահատվել է մոտ 26 տոկոս։

«Իներցիայի ուժով մինչեւ մայիս գործազուրկների թիվը կավելանա, բայց ե՛ւ տնտեսության փոփոխության արդյունքում, եւ՛ սեզոնային աշխատանքների սկսման արդյունքում, արդեն մայիսից կայունացում, հետագայում նաեւ կրճատում», - առաջիկա տարվա համար իրենց կանխատեսումը ներկայացրեց Զբաղվածության ծառայության պետ Սոնա Հարությունյանը։
XS
SM
MD
LG