Մատչելիության հղումներ

Մարտիմեկյան զեկույցը չի մտնելու ԵԽԽՎ-ի լիագումար նիստի օրակարգ


Մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ` համազեկուցողներ Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԵԽԽՎ-ում հայաստանյան պարտվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հավաստմամբ, ինչպեսեւ նախատեսված է ընթացակարգով, քննարկվելու է բացառապես Մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում, եւ չի մտնելու ԵԽԽՎ-ի հունվարյան լիագումար նիստի օրակարգ։

Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց, որ ընթացակարգը, անշուշտ, նախատեսում է որոշակի դեպքերում՝ Մոնիթորինգի հանձնաժողովի հատուկ եզրակացության հիման վրա, հարցը հրատապ կարգով ներկայացնել լիագումար նիստի քննարկմանը, սակայն, «սա այդ դեպքը չէ, դրա համար չկան բավարար նախադրյալներ»:


ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի նախորդ` դեկտեմբերյան նիստում հարցը չքննարկվեց, քանի որ համազեկուցողները, տեխնիկական պատճառաբանություններով, նիստին չէին ներկայացել։ Ավելի ուշ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի պատրաստած տեղեկատվությունը հրապարակվեց, ինչից հայտնի դարձավ, որ համազեկուցողները «միակողմանի ու ոչ օբկեկտիվ են գնահատել Նիկոյանի հանձնաժողովի եզրակացությունը»։

«Ես գնահատականների հետ ծանոթ եմ», - այս կապակցությամբ ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ կան դրույթներ, որոնց հետ ինքը համաձայն է, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց հետ «կտրականապես համաձայն չէ». - «Բայց դա համազեկուցողների դիրքորոշումն է: Ես համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ մենք բացառապես արդարացրել ենք ոստիկանների գործողությունները եւ համարել ենք համաչափ: Ես բոլոր նման կարծիք հայտնողներին խորհուրդ կտայի կրկին անգամ ընթերցել զեկույցը»:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով ներկայումս գտնվում է Միացյալ Նահագներում, հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց համազեկուցողների դիտողությունների իր գնահատականը. - «Դրանք բավականաչափ լուրջ են, եւ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան հետեւություններ անեն դրանցից»:

«Հստակ ասվում է, որ Նիկոյանի զեկույցը չի կարելի համարել Մարտի 1-ի էջը փակող ինչ-որ զեկույց», - հավելեց Գրիգորյանը:

Նա դժվարացավ կանխատեսել, թե արդյո՞ք վեհաժողովն ինչ-որ կերպ կարձագանքի Նիկոլ Փաշինյանին 7 տարով ազատազրկելու` դատարանի վճռին։ Նշեց միայն, որ այս պարագայում արձագանքելը շատ հարիր կլիներ եվրոպական այդ կառույցի առաքելությանը. - «Որովհետեւ սա մարտահրավեր էր ոչ միայն Հայաստանի ժողովրդին ու հասարակությանը, այլ նաեւ ԵԽԽՎ-ին»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրադրության գնահատականը, եւ արդյո՞ք չկան անհանգստանալու հիմքեր` կապված ԵԽԽՎ-ի հնարավոր արձագանքի հետ, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. - «Մենք ելնում ենք 1677 վերջին բանաձեւից: Բանաձեւում հստակ էր այն առաջընթացը, որ արձանագրել է Հայաստանը որոշ ոլորտներում, եւ, բնականաբար, կան բազմաթիվ հարցեր, որոնք Վեհաժողովը դրել է մեր երկրի առաջ: Բայց ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդ խնդիրները հաղթահարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG