Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հինգշաբթի օրը վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայում տեղի է ունենալու նախարարների խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ հայ -թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման քննարկումը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների ոգուն: Որոշումը վտանգել է բանակցային գործընթացը», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մերջանը հիշեցրել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանին ուղղված խոսքը, թե «Հայաստանի կառավարությունը պետք է սրբագրի Սահմանադրական դատարանի որոշումը եւ համապատասխան քաղաքական կամք ցուցաբերի»:

«Մենք որոշում կկայացնենք Թուրքիայի արտգործնախարարության օրենսդիր փորձագետների աշխատանքի ավարտից հետո», - ասել է Մերջանը` հավելելով. - «Որպես Թուրքիայի եւ թուրք ժողովրդի ներկայացուցիչ՝ ես ցանկանում են ընդգծել, որ արձանագրությունները հաստատելիս մեր հանձնաժողովը հաշվի կառնի Ադրբեջանցի ժողովրդի զգայունությունը: Մենք ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին»:

Պատասխանելով հարցին` արդյոք արձանագրությունները հետ կկանչվե՞ն Թուրքիայի խորհրդարանից, Մերջանն ասել է. - «Ոչ մի գործնական տարբերություն չկա արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պահելու եւ Թուրքիայի կառավարության կողմից դրանք հետ կանչելու միջեւ: Միեւնույն է, որոշում կայացնողը Թուրքիայի կառավարությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG