Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ 2010»-ին. փետրվարի 14-ին պարզ կդառնա, թե ով է այս տարի Օսլոյում կայանալիք համաեվորպական երգի մրցույթում պարզելու հայկական եռագույնը: Ինչպես եւ անցյալ տարի, «Եվրատեսիլ»-ի հայ մասնակցին ընտրելու համար Հանրային հեռուստաընկերությունը անցկացնում է նախընտրական փուլ, որը նորից բաղկացած է 2 մասից:

Դեկտեմբերի 15-ից մինչեւ փետրվարի 1-ը ստացված հայտերի հիման վրա կկայանա հեռուստատեսային-համերգային փուլ, որի արդյունքում էլ լավագույնը ճանաչված երգիչը/երգչուհին, զույգը կամ խումբը մայիսին կմեկնի Նորվեգիա: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ այս տարի համերգային փուլում ոչ բոլոր հայտերը տեղ կգտնեն, այլ միայն ընտրված 10 կատարումներ:

Նախընտրական այս փուլում, ինչպես եւ հետո Օսլոյում, լավագույն կատարողն իր երգով ընտրվելու է հեռուստադիտողների եւ ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանում ժյուրին երգ-հայտի երաժշտությունը, խոսքերը, ինպես նաեւ կատարողի վոկալ տվյալները կգնահատի 20-բալանոց համակարգով՝ փակ գաղտնի քվեարկությամբ, բայց ժյուրիի կազմն առայժմ որոշված չէ:

Ինչ վերաբերում է հայտատուներին, նրանցից շատերի անուններն արդեն հայտնի են: Մեր ամանորյա եթերում արդեն խոսել էինք այս տարվա, այսպես ասենք, գլխավոր ֆավորիտներից մեկի` Էմմի եւ Միհրան զույգի մասին, ովքեր ամիսներ շարունակ Միացյալ նահագներում, իրենց խոսքով, «շատ լուրջ» պատրաստվել են մրցույթին:

Մյուս հավանական թեկնածուներից մեկը տարվա ընթացքում հայկական շոու բիզնեսում հայտնված նոր մի անուն է` Եվա Ռիվասը: Մեզ հաջողվեց խոսել Հայաստանում նրա գործավար Սամվել Գրիգորյանի հետ, ով չհերքեց, որ Եվան հայտ է ներկայացնելու հայաստանյան մրցույթին «Apricote stone» երգով:

«Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին երգիչ Ռազմիկ Ամյանը նույնպես պատրաստվում է մասնակցել, ինչն արդեն հաստատել է մամուլում: Իսկ այլ անուններից, Սիլվա Հակոբյանը, ով նույնպես համարվում էր հավանական թեկնածու, պարզվում է, նման մտադրություն չունի, ինչը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց Սիլվայի եղբայրը, քանի որ երգչուհին այս օրերին բացակայում է Հայաստանից:
XS
SM
MD
LG