Մատչելիության հղումներ

Հայաստանի երկրորդ նախագահը հանդիպել է Իրանի նախագահին եւ արտգործնախարարին


Իրան -- Ռոբերտ Քոչարյանի (աջից) եւ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թեհրանում

Իրան -- Ռոբերտ Քոչարյանի (աջից) եւ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թեհրանում

Չորեքշաբթի օրվանից Իրանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:

Սողոմոնյանը պարզաբանեց, որ Ռոբերտ Քոչարյանը Իրանում է գտնվում պետական հրավերով` որպես Հայաստանի երկրորդ նախագահ:

Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի նախկին նախագահը Թեհրանում հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղել է նաեւ Սպահան քաղաքում:

Իրանի պետության ղեկավարի եւ արտգործնախարարի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների մանրամասները Վիկտոր Սողոմոնյանը խոստացավ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել այցի ավարտից հետո:

Ռոբերտ Քոչարյանի եւ Մանուչեհր Մոթաքիի հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Tehran Times օրաթերթը, որի փոխանցմամբ` քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ըստ իրանական պարբերականի, Մոթաքին հանդիպման ժամանակ ասել է, որ «Կովկասի կայունությունը եւ անվտանգությունը հարկ է ամրապնդել տարածաշրջանային մոտեցումով», իսկ խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին` հայտարարել է, թե «այդ խնդիրները բխում են Երկրորդ աշխարհամարտից հետո սահմանված` աշխարհի կառավարման կոռումպացված համակարգից»։

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ։ Բացի այդ, ըստ Tehran Times-ի, նա նույնպես խոսել է տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, ասելով, թե «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու` օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG