Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը», - հայտարարում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում։

«Նախագահական ընտրություններին հետեւած մարտյան իրադարձություններից հետո ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ազատվեց աշխատանքից, սակայն նրանցից որեւէ մեկին մեղադրանք չառաջադրվեց այդ բռնությունների առնչությամբ», - ընդգծում է հեղինակավոր կազմակերպությունն ու հավելում. - «Թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննությունն են իրականացրել ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել անհամաչափ ուժ կիրառելու համար»։

«Մյուս կողմից, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, այսօր էլ շարունակում է ազատազրկված մնալ», - փաստում է Human Rights Watch–ը։

Զեկույցը, մասնավորապես վկայակոչելով «բազմաթիվ ընդդիմադիրների պնդումները», նշում է, որ անցած տարվա ընթացքում շարունակվել են մարդու իրավունքների ոտնահարումները կալանավայրերում։ Օրակարգում է մնում նաեւ 2007-ին ոստիկանության շենքում զոված Լեւոն Գուլյանի գործը։

«Չնայած 2008-ին դատարանը որոշում կայացրեց Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների շուրջ քննությունը վերսկսելու վերաբերյալ, այդուամենայնիվ, այդ որոշումից ամիսներ անց դատախազությունը կրկին կարճեց գործը՝ պնդելով, թե Գուլյանը փորձել է փախուստի դիմել եւ վայր է ընկել ոստիկանության բաժանմունքի երկրորդ հարկից։ Մինչդեռ, Գուլյանի հարազատները պնդում են, թե նա իրավապահների կողմից բռնությունների է ենթարկվել», - նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։

Զեկույցը անդրադարձել է 2009-ի մայիսին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին՝ նշելով. - «Եվրոպացի դիտորդները հայտարարեցին, թե քվեարկությունը հիմնականում համապատասխանել է եվրոպական չափանիշներին, սակայն նրանք արձանագրեցին նաեւ վստահված անձանց, տեղական դիտորդների եւ լրագրողների նկատմամբ կիրառված սպառնալիքների ու հարձակումների դեպքեր»։

Խոսքի ազատության ոլորոտում կազմակերպությունը առանձնացրել է 2009-ին լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները՝ շեշտելով, որ չնայած միջազգային կառույցների հորդորներին, Հայաստանի իշխանությունները սպառիչ քննության չեն ենթարկել լրագրողների դեմ իրականացված հարձակումներ դեպքերը։

«Արդեն շուրջ յոթ տարի է՝ հեռարձակման արտոնագիր չի ստանում նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը, չնայած դեռեւս 2008 թվականի հունիսին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել անկախ հեռուստաընկերության օգտին», - փաստում է Human Rights Watch-ը։

Հեղինակավոր կազմակերպությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել նաեւ քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։

«Ընդդիմության հանրահավաք անցկացնելու 84 դիմումներից հավանության է արժանացել ընդամենը 28-ը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարական կազմակերպություններից մի քանիսը խոչընդոտների են հանդիպել նաեւ փակ տարածքներում միջոցառումներ կազմակերպելիս, իսկ ընդդիմության ցույցերի մասին իրազեկող երիտասարդները հարձակման են ենթարկվել իրավապահների կողմից», - փաստել է Human Rights Watch-ը։

Լրագրողների եւ ընդդիմադիրների դեմ իրականացված բռնություններին անցած տարի ավելացել են նաեւ իրավապաշտպանների նկատմամբ հարձակումներն ու հետապնդումները։ Human Rights Watch-ը այդպիսի երեք դեպք է հիշատակել այսօր հրապարակված զեկույցում։

Ուսումնասիրության վերջում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ 2008 թվականի մարտյան դեպքերից հետո ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան մասնակիորեն սառեցրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, ԵԽԽՎ-ն չորս բանաձեւ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, իսկ Եվրոպական դատարանը Հայաստանի իշխանություններին մեղավոր է ճանաչել 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաեւ նրանց արդար դատավարության եւ բողոքարկման իրավունքներից զրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG