Մատչելիության հղումներ

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է «Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» խորագրով ստուգատեսը: Առաջիկա երեք օրերին ներկայացվելու են էլեկտրոնային ուսումնական նյութեր, ֆիլմեր, թվային միջոցների կիրառմամբ էլեկտրոնային դասեր, որոնցում ներգրավված են հենց աշակերտները: Մինչ շատ ծնողներ կարծում են, թե համակարգիչը, ինտերնետը, հեռուստացույցն ու տեսախցիկը երեխաներին խանգարում են սովորել դասերը, գիտելիք ձեռք բերել, ստուգատեսի նախաձեռնողները պնդում են հակառակը, որ «դրանք կրթության արդյունավետ միջոցներ են»:

Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը», օրինակ, կարող է դառնալ դասարանային փոքրիկ ներկայացում, այդ կերպ ստեղծագործությունն ավելի տպավորիչ կլինի աշակերտի համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն ասում է, որ «հեռուստացույցը, ինտերնետը, տեսախցիկը, բջջայինն ու համակարգիչը կարող են աշակերտին ոչ թե շեղել դասից, այլ օգնել, ծառայել իբրեւ նյութ, որի օգնությամբ կարելի է ֆիլմեր նկարել, մոնտաժել եւ այլն»:

Ըստ Բլեյանի` «անցել են այն ժամանակաշրջանները, երբ երեխան դպրոցի գրադարանում սպասում էր իր հերթին, որպեսզի ստանա այս կամ այն գիրքը. հիմա համակարգչի օգնությամբ ինքն իրեն կարող է գրանցել համացանցում կամ տանից պատվիրել ցանկացած գիրք»:

Համակարգչի ու թվային գրատախտակի օգնությամբ քիմիայի դասաժամն, օրինակ, այստեղ այլ կերպ է մատուցվում: Էկրանից աշակերտը ներկայացնում է համադասարանցիներին իր կատարած քիմիական փորձը, ինչն ավելի պարզ ու հասկանալի է. այսինքն այն, ինչ կարդում են գրքում, կարելի է նաեւ միանգամից տեսնել էկրանից: Կրթահամալիրի 5-րդ դասարանի աշակերտների համար մի քանի րոպեների գործ է նաեւ համակարգչով օրացույց պատրաստելն ու ձեւավորելը: Առաջին դասարանում մաթեմատիկայի դասաժամին կարկինով շրջանակ գծելն անգամ կատարվում է թվային գրատախտակի վրա:

Այն, որ թվային տեխնիկաներն օգնում են դասաժամերն ավելի հետաքրքիր ու մատչելի դարձնել, հաստատում է նաեւ միջոցառմանը ներկա, Ալավերդու թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը` պնդեոլով, սակայն, որ այդ հանարավորությունը չունեն մարզային դպրոցները:
XS
SM
MD
LG