Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ազգային կոնգրես. «Փաշինյանի նկատմամբ դատավճիռը ցինիզմի դրսեւորման գագաթնակետ էր»


Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի լոգոն

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008 թվականի մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր», - հայտարարում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

«Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։ Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էլ կամակատար դատախազին ու դատավորին», - ասված է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի` երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարությունում:

«Դատարանը, վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով արհամարհեց ԵԽԽՎ-ի բանաձեւերում ամրագրված այն պահանջը, որ չի կարելի պատիժ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել, բռնության չեն դրդել եւ բռնության կոչ չեն արել։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ [վարչախումբը] անպատիժ խախտել էր նույն ԵԽԽՎ-ի բանաձեւերի մի այլ դրույթ, որով պահանջվում էր կալանքի տակ չառնել այն մարդկանց, ովքեր, հետախուզման մեջ, ընդհատակում գտնվելով, ինքնակամ կներկայանան իրավապահ մարմիններին», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը` համոզմունք հայտնելով, որ «կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից»։

«Հայ ազգային կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն։ Վարչախմբի համար սրանք հոգեվարք ապրողի ջղաձգումներ են», - ասված է հայտարարությունում։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի դատավճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG