Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպության նախագահը դատապարտում է Փաշինյանի նկատմամբ կայացված վճիռը


«Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, եւ կարծում եմ, որ քաղաքական գործունեության համար չի կարելի պատժել», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առհասարակ ճիշտ կլիներ, որ ընդհանրապես քրեական գործ հարուցված չլիներ։ Նիկոլը վարում էր քաղաքական գործունեություն, եւ ճիշտ է հանդուրժող լինել քաղաքական օպոնենտների նկատմամբ», - հավելեց նա:

Աշոտ Մելիքյանը եւ նույն կազմակերպության փորձագետ Մեսրոպ Հարությունյանը լրագրողներին հրավիրել էին` ներկայացնելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած 2009 թվականի տարեկան զեկույցը։

«Հայաստանում հեռարձակողները գտնվում են տոտալ վերահսկողության տակ», - հայտարարեց Մելիքյանը:

Զեկույցի մանրամասները ներկայացրեց Մեսրոպ Հարությունյանը՝ նշելով, որ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումները բաժանված են երեք մասի` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներ եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ։

Ի դեպ, նա հատուկ ընդգծեց, որ նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների ոչ մի դեպքով այդպես էլ քրեական գործեր չեն հարուցվել։

Հարությունյանը ներկայացրեց նաեւ անցած մարտին ծեծի ենթարկված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ապրիլի վերջին դարձյալ դաժանաբար ծեծի ենթարկված Armenia Today-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեպքերը։

ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ Մեսրոպ Հրությունյանն ասաց, թե անցած տարին հատկապես առանձնացել է լրատվամիջոցների ու նրանց աշխատակիցների նկատմամբ հարուցված դատական գործերի առատությամբ։ Բերեց մի քանի օրինակներ, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի եւ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի միջեւ ընթացող դատական վեճը։

Վերջում բանախոսը անդրադարձավ, ինչպես ինքը ասաց՝ թաքնված գրաքննության դեպքերին։ Որպես այդպիսին առաջինը նա նշեց անցած տարի օգոստոսի 21-ին հաստատված Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգը։

«Եվ վերջապես՝ շատ արտառոցը, որ շատ վատ նախադեպ է, դա «Չորրորդ իշխանություն» թերթի կասեցման վերաբերյալ դատարանի վճիռն է: Ինչով էլ դա հիմնավորված լինի, միեւնույն է, մենք համարում ենք, որ դատարանը կայացրել է հակաօրինական վճիռ», - հայտարարեց նա՝ վկայակոչելով գործող օրենսդրությունը:

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «մասամբ է համաձայն գնահատականներին»:
XS
SM
MD
LG