Մատչելիության հղումներ

Լրացավ Բարաք Օբամայի պաշտոնավարման մեկ տարին


Բարաք Օբամայի պաշտոնակալության արարողությունը, 20-ը հունվարի, 2009
Բարաք Օբամայի պաշտոնակալության արարողությունը, 20-ը հունվարի, 2009

Հունվարի 20-ին լրանում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման մեկ տարին։

Փորձագետները փաստում են` Նահանգների պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի նախագահը պաշտոնը ստանձնեց բավական բարդ իրավիճակում. երդմնակալությունից ամիսներ առաջ, մասնավորապես, տնտեսական ճգնաժամի պատճառով, ավելի քան կես միլիոն ամերիկացի դարձել էր գործազուրկ, հարցականի տակ էր հայտնվել բանկային համակարգի կենսունակությունը, առողջապահության ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ուներ, Իրաքում եւ Աֆղանստանում շարունակվում էր պայքարը գրոհայինների դեմ, է'լ ավելի էին խորանում Ռուսաստանի հետ տարաձայնությունները։

Այդուամենայնիվ, 44-ամյա առաջորդը Սպիտակ տուն եկավ ընդգծված հատատակամությամբ, որ Միացյալ Նահանգները կարող է դիմակայել եւ հաղթահարել այդ դժվարությունները։ «Այո, մենք կարող ենք, մենք կարող ենք փոխել այս իրավիճակը», - հայտարարում էին Օբաման ու նրա աջակիցները։

Պաշտոնավարումից մեկ տարի անց, սակայն, Նահանգներում հնչող հայտարարություններն ու գնահատականները նույնքան խանդավառ չեն. համենայնդեպս, այդ են փաստում Gallup հետազոտական կենտրոնի վերջին հարցումները։ Դրանց համաձայն, անցած մեկ տարվա ընթացքում Օբամայի վարկանիշը աննախադեպ անկում է ապրել. մասնավորապես, եթե մեկ տարի առաջ նրա քաղաքականությունը սատարում էր ամերիկացիների շուրջ 68 տոկոսը, այժմ այդ ցուցանիշը հասել է 50-ի։ «Այսպիսի ցածր վարկանիշ` պաշտոնամավարման երկրորդ տարվա մեկնարկին, Ամերիկայի նախագահներից գրանցել է միայն Ռոնալդ Ռեյգանը, ով եւս իշխանավարության տարիներին ստիպված էր մի շարք լուրջ տնտեսական մարտահրավերներ հաղթահարել», - փաստում են փորձագետները։

Ընդ որում, Gallup-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ Օբաման մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելիս դասվում էր Միացյալ Նահանգների՝ ամենաբարձր վարկանիշն ունեցող նախագահների շարքում, մինչդեռ այսօր ավելի ցածր վարկանիշ ունի, քան նրա նախորդը` Ջորջ Բուշը պաշտոնավարման երկրորդ տարում։

Վերլուծելով այս փոփոխության պատճառները՝ մասնագետները նշում են, որ ամերիկացիներին առավել հիասթափեցրել է Օբամայի տնտեսական քաղաքականությունը. այն, մասնավորապես, անբավարար է գնահատել հարցվածների կեսից ավելին՝ շուրջ 56 տոկոսը, ընդ որում, չնայած իշխանության հավաստիացումներին, թե իրավիճակը կայունանում է, տնտեսական քաղաքականությունը քննադատողների թիվը վերջին կես տարում գրեթե կրկնապատկվել է։

Առայժմ լուրջ քննադատության են արժանանում նաեւ Օբամայի որդեգրած արտաքին քաղաքականությունն ու պայքարը ահաբեկչության դեմ` փաստում է Gallup-ի վերջին ուսումնասիրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG