Մատչելիության հղումներ

«Հայաստանում ուժեղ երկրաշարժեր չեն սպասվում»


«Սեյսմիկ պաշտպանություն» ազգային ծառայության ներկայացուցչի պնդմամբ, Հայաստանում «գոնե մոտակա մի քանի ամիսների ընթացքում ուժեղ երկրաշարժեր չեն սպասվում»:

Երկու օր առաջ Գառնիում տեղի ունեցած 3-4 բալլանոց երկրաշարժը, որը զգացել էին նաեւ Երեւանի մի քանի թաղամասերում, ըստ «Սեյսմիկ պաշտպանություն» ազգային ծառայության տեղեկատվության վերլուծության վարչության պետ Միքայել Ենանովի, չպետք է խուճապ եւ անհանգստություն առաջացնի բնակչության շրջանում,

Հավելելով, թե այսօր աշխարհում գոյություն ունեցող որեւէ սարքավորման միջոցով հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժի տեղը, ուժը եւ ժամանակը՝ Ենանովը, այդուհանդերձ, ասաց, որ մոտավոր կանխատեսումները հնարավոր են:

«Այսինքն՝ եթե մեզ սպառնա Սպիտակի կարգի ուժեղ երկրաշարժ, մենք, միանշանակ, կզգանք, որ մենք ունենք այդպիսի խնդիր», - ասաց նա:

Ըստ «Սեյսմիկ պաշտպանություն» ազգային ծառայության շենքերի եւ շինությունների սեյսմակայության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի, մեր շենքերի մեծ մասը կարող է դիմակայել մինչեւ 6 բալլ երկրաշարժերին:

«Այ եթե լինի, Աստված ոչ անի, 8 բալլ եւ ավելի ուժգնությամբ երկարշարժ, մենք կունենանք լուրջ խնդիրներ: Մեր տարածաշրջանը, այդ թվում նաեւ Երեւան քաղաքը, բարձր սեյսմիկ վտանգի գոտում է, Երեւանում կարող է լինել 9 բալլ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ նման երկրաշարժը կարող է մեզ համար աղետալի լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նամալյանը՝ հավելելով, որ երկրում, եւ հատկապես մայրաքաղաքում կառուցվող նոր շենքերը «պետք է որ ավելի ապահով լինեն»:

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի (ՀՅԴ) կարծիքով, մինչդեռ, նոր կառուցվող շենքերի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում:

«Բերեմ մի թիվ, որը պարզապես սահմռկեցուցիչ է: 2004-2007 թվականներին 4801 օբյեկտներում կատարվել են ստուգումներ, այդ ստուգումները կատարել է Քաղաքաշինության նախարարությունը, եւ պարզվել է, որ 1658-ում շինարարական աշխատանքները իրականացվել են առանց որակի տեխնիկական հսկողության, իսկ օբյեկտների 54 տոկոսում էլ որակի տեխնիկական հսկողությունը իրականացրել են համապատասխան մասնագիտություն չունեցող անձինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գալստյանը՝ հավելելով. - «Սա մի խայտառակ եզրակացություն է»:

Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանի խոսքով, սակայն, վերահսկողություն իրականացվում է եւ խախտումներ հայտնաբերվում են, թեեւ դրանցից «քչերն են էական լինում»:

«Էական թերություններ համարվում են այնպիսի թերությունները, որոնց առկայության դեպքում կարող է մարդկանց կյանքին կամ առողջությանը վնաս լինել: Այդ դեպքում տուգանքի չափը հասնում է 300 հազար դրամի: Այդպիսի տուգանքի դեպքերը ամբողջ տարվա ընթացքում հասնում են 3-4-ի: Չեմ կարծում, որ նոր կառուցվող շենքերի վերաբերյալ պետք է այդպես մտահոգություն ունենալ», - ասաց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG