Մատչելիության հղումներ

logo-print

Հայիթիում քաոսը շարունակվում է


Հայիթի - Պարեն ստանալու համար հերթ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ՄԱԿ-ի բաշխիչ կենտրոնի դիմաց, 18-ը հունվարի, 2010

Հայիթի - Պարեն ստանալու համար հերթ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ՄԱԿ-ի բաշխիչ կենտրոնի դիմաց, 18-ը հունվարի, 2010

Հայիթիում, ըստ ականատեսների, այսօր համատարած թալան է, բռնություն եւ վայրագություն։ Սարսափելի երկրաշարժը վերապրածները հիմա էլ ստիպված են կատաղի պայքար մղել սննդի եւ ջրի համար։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ աղետյալների շրջանում հուսահատության խորացմանը զուգընթաց աճում է ավազակային հարձակումների եւ բռնությունների թիվը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները երկուշաբթի օրը հայտնել են, որ ուղաթիռներով աղետյալներին են հասցրել պատրաստի սննդի 14 հազար 500 բաժին եւ 15 հազար լիտր ջուր։ Զինվորականները 10-15 մետր բարձրությունից սնունդն ու շշալցված ջուրը ներքեւ են նետում. ուղղաթիռները վայրէջք չեն կատարում, քանի որ դա շատ վտանգավոր է` քաղցից հուսահատված ամբոխը անկառավարելի է։

Հայիթիում այս պահին տեղակայված են 1700 ամերիկացի զինծառայողներ, պաշտոնական Վաշինգտոնը մոտ օրերս նրանց թիվը հասցնելու է 3700-ի։ Նրանք այնտեղ փորձում են անվտանգություն ապահովել եւ կանոնավորել մարդասիրական օգնության տրամադրումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Անվտանգության խորհրդին խնդրել է հավանություն տալ Հայիթիում եւս 3500 միջազգային խաղաղապահ զինծառայող տեղակայելու առաջարկին, ովքեր կմիանան այնտեղ արդեն ծառայող ՄԱԿ-ի 9 հազար խաղաղապահներին։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մի բրիտանացի փրկարարի խոսքերով` տարբեր երկրներից ժամանած թիմերը շատ լավ են համագործակցում։ «Մենք ունենք նույն նպատակը, նույն կառուցվածքը, համոզված եմ, որ աշխատանքը լավ է ստացվում», - ասել է բրիտանացին։

Հայ փրկարարները Հայիթի չեն մեկնել, ինչի կապակցությամբ հստակ պարզաբանում այս պահին չկա։ Հայիթիում ակտիվ աշխատում են ամերիկացիները, ռուսները, թուրքերը, չինացիները, ջոկատներ տասնյակ երկրներից։

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո, ըստ պաշտոնական տվյալների, Հայիթիում արդեն հուղարկավորել են շուրջ 70 հազար զոհերի։ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի մասնագետների կարծիքով` աղետի զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 200 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG