Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը օգնության ձեռք է մեկնում Հայիթիին


Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը առաջիկա ուրբաթ օրը ֆրանսիացի մոտ մեկ տասնյակ այլ հայտնի երաժիշտների հետ կձայնագրի նոր երգ, որը կոչվում է «Հանուն սիրելի Հայիթիի»: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Ֆրանսիական հեռուստաալիքները խոստացել են լայնորեն գովազդել եւ ցուցադրել այդ տեսահոլովակը, որը կոչ է անելու աշխարհին օգնության ձեռք մեկնել հզոր աղետից տուժած հազարավոր մարդկանց:

«Ես մի շարք աղետների ականատես եմ եղել` Իտալիայում, Հայաստանում, Թուրքիայում, տեսել եմ երկրաշարժից տուժած երկրներ, որտեղ արհավիրքից փրկվածները կարողացել են դիմակայել եւ օգնության ձեռք մեկնել էպիկենտրոնում հայտնված շրջաններին: Հայիթիում, սակայն, ողջ երկիրն է գտնվում սարսափելի աղքատության մեջ, եւ մենք ուղղակի պարտավոր ենք օգնել նրանց», - հայտարարել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ երգչի այս կոչին միացել են շուրջ չորս տասնյակ ֆրանսիացի փոփ աստղեր, որոնցից յուրաքանչյուրը մեկ տող է նվիրել արհավիրքից տուժածներին: Այդ տողերից էլ ծնվել է «Հանուն սիրելի Հայիթիի» երգը:

«Աշխարհը ձեզ հետ է», - իրենց հերթին դիմելով Հայիթիի բնակիչներին` հայտարարում են Հոլիվուդի աստղերը:

Առաջիկա ուրբաթ, երբ ֆրանսիացի երգիչները կձայնագրեն իրենց նոր երգը, Միացյալ Նահանգներում հեռուստամարաթոն կանցկացնեն ամերիկյան աստղերը:

«Հույս Հայիթիին»` այսպես է կոչվում հանրահայտ դերասան Ջորջ Կլունիի նախաձեռնությամբ կազմակերպված մարաթոնը, որին կմասնակցեն աշխարհահռչակ Բոնոն, Սթինգը, Քրիստինա Ագիլերան եւ էլի տասնյակ այլ հանրահայտ երաժիշտներ եւ դերասաններ:

«Հայիթին աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկն է, որտեղ ամենափոքր օգնությունն անգամ կարող է մեծ բան փոխել», - հայտարարում են նախաձեռնության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG