Մատչելիության հղումներ

logo-print

Նախատեսվում է, որ երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում է պահանջել:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեղադրող կողմը հայտարարում է, որ ապացույցների համակցմամբ հաստատվել է Փաշինյանի մեղավորությունը, մինչդեռ Փաշինյանն ու նրա պաշտպանական կողմը պնդում են, որ դատավարության ընթացքում ներկայացված փաստերն ու ապացույցները այդպես էլ հաշվի չեն առնվել, եւ մեղադրողը ընդամենը դատական նիստերում ժամանակ է սպառել, մինչեւ մեղադրական ճառը արտասանելու պահը գա:

Դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում հայտարարեց. - «Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս քաղաքական գործով որեւէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել։ Բայց ես, միեւնույն է, արդարացման դատավճիռ ակնկալում եմ, եւ այդ դատավճիռը ակնկալում եմ ոչ թե դատարանից, այլ այդ դատավճիռը ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ու ժողովրդից»։

Դատավճռի հրապարակման նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ասաց. - «Որպես իրավաբան` ես համոզված եմ, որ կայացվելիք դատավճիռը կլինի օրինական միայն այն դեպքում, երբ կայացվի արդարացման դատավճիռ: Սակայն ժամանակակից Հայաստանում դա ակնկալելը, մեղմ ասած, միամտություն է ուղղակի: Իհարկե, համոզված ենք, որ դատարանին թույլ չեն տա արդարադատություն իրականացնել, եւ կայացվելիք դատավճիռը լինելու է մեղադրական»:

«Միանշանակ, բողոքարկվելու է դատավճիռը, եթե այն լինի մեղադրական, եւ բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո բողոքն ուղարկվելու է Եվրոպական դատարան», - վստահեցրեց Վարոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համանման կարծիք հայտնեց դատավարության ընթացքին հետեւող իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` ասելով. - «Ես կարծում եմ, որ արդարադատություն սպասել հնարավոր չէ Հայաստանի դատարանից: Այսինքն, ինչ դատավճիռ էլ որ հնչի, դա չի լինելու արդարադատության պահանջ, դա լինելու է քաղաքական պատվեր` ցանկացած դատավճռի պարագայում»:

«Բացառո՞ւմ եք, որ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ», - այս հարցին իրավապաշտպանը արձագանքեց. - «Նման ելք` որպես այդպիսին, իհարկե, հնարավոր է, բայց Հայաստանի պայմաններում` այս պայմաններում, այս իրականության մեջ դա համարյա բացառելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG