Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը բավարարեց ՀԱԿ-ի դիմումը թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» վերաբերյալ


Վարչական դատարանը երկուշաբթի բավարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պահանջը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» վերաբերյալ։

Ուրբաթ օրը ՀԱԿ-ի անունից նման հայց էր ներկայացրել թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը։

Վարչական դատարան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացված հայցում, ընդդիմությունը վկայակոչել էր այն փաստը, որ հանձնաժողովը հունվարի 14-ին հրաժարվեց ընդունել այս տարածքում կայացած ընտրությունները անվավեր ճանաչելու` իրենց դիմում բողոքը։

Ընտրությունների արդյունքն ամփոփելու ժամկետը լրանում էր հունվարի 15-ին, ժամը 14։00-ին, եւ մինչ այդ պահը ընդդիմությունն իրավունք ուներ դիմում ներկայացնել, սակայն հանձնաժողովը արդեն հունվարի 14-ի կեսօրին որոշում ընդունեց Արա Սիմոնյանին պատգամավոր գրանցելու մասին, եւ նույն օրը, ավելի ուշ, հրաժարվեց ընդունել Պատվական Հովակիմյանի ներկայացրած դիմումը՝ այն հիմնավորմամբ, որ դիմումը բերվում է հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո։

Դատարանը որոշեց պարտավորեցնել թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովին ընդունել հայցվոր կողմի դիմումը։

Պատասխանող կողմը՝ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը, դատարանին ներկայացրած գրավոր դիմումում խնդրել էր հայցը քննել իրենց բացակայությամբ՝ հայտնելով, որ հայցը ընդունում է ամբողջությամբ եւ հայցի դեմ չի առարկում։

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը պատրաստ է դիմումը ստանալու դեպքում ընդդիմության հայցը քննել 5-օրյա ժամկետում։

Այդուհանդերձ, ԿԸՀ-ի խոսնակ Տաթեւ Օհանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ընտրությունների հրապարակված արդյունքները բեկանելու իրավասություն չունի, եւ այդ իրավասությունը պատկանում է միայն Սահմանադրական դատարանին։

Հայ ազգային կոնգրեսի իրավական պատասխանատուներից Արմեն Խաչատրյանը «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարան հայցը կներկայացնեն մինչեւ հինգշաբթի: Իր հայցադիմումում Կոնգրեսը վկայակոչելու է նաեւ քվեարկության օրը սխալ նշանակելու փաստը, քարոզարշավի ընթացքում թեկնածուների միջեւ անհավասար պայմանները եւ, վերջապես, քվեարկության ընթացքում տեղի ունեցած միջադեպերը:

«Սկսած նրանից, որ տեռորի են ենթարկել ընտրողին, որ չմտնի հանկարծ ընտրական տեղամաս: Մենք արդեն դեպքեր գիտենք, որ փողոց են փակել ու ֆիլտրել են, թե ով է գնալու ընտրության», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Այսինքն՝ հերոսություն է դառնում գնալ-ընտրելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG