Մատչելիության հղումներ

Կառավարությունը, ըստ նախկին վարչապետի, որեւէ «դրական քայլ չի կատարում» տնտեսության վերականգնման ուղղությամբ


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը որեւէ դրական քայլ չի կատարում տնտեսության վերականգնման ուղղությամբ, ուստի «անկման նահանջի մասին խոսելը ավելորդ է»:

«Ոչ մի անկում չի նահանջում», - ասաց Բագրատյանը: - «Անկումը [անցած] տարեվերջին մի քիչ իջել է, որովհետեւ անցյալ տարին վատն էր: Եթե նույնիսկ հունվարը լինի պլուս 5 տոկոս, խնդիրը դա չէ. Հայաստանը կարիք ունի նոր, մասշտաբային արմատական բարեփոխումների: Հայաստանի կարիք ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական լուրջ բուժօգնության»:

Որպես առաջնահերթ մի քանի քայլ, նախկին վարչապետը նշեց «պրոգրեսիվ եկամտահարկի ներմուծումը», «կառուցապատողների խրախուսումից հրաժարվելը» եւ մի շարք այլ «անհապաղ միջոցառումներ», ինչի մասին ինքը անընդհատ խոսում է: Սակայն կառավարությունը իրեն «երբեք չի դիմել» եւ իր «խորհուրդների կարիքը չունի»:

Նախկին վարչապետը նաեւ ասաց, թե Հայաստանի այսօրվա կառավարությունը «հանգիստ սրտով» ավելացնում է արտաքին պարտքը՝ առանց մտածելու, թե ինչպես է այն մարելու: Ըստ Բագրատյանի, եթե 2008 թվականին Հայաստանը որպես արտաքին պարտքի մարում եւ սպասարկում վճարել էր 8 միլիոն դոլար, ապա 2013-ին պետք է վճարի արդեն 478 միլիոն դոլար:

«2008-ից սկսած Հայաստանի բյուջեի` 2,9 միլիարդ դոլարից, իրական եկամուտները՝ առանց պարտքի, իջնում են 1 միլիարդ 800 միլիոն դոլարի: Այստեղ նույնիսկ տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ վիճակը պարզապես աղետալի է», - հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետը՝ հավելելով, որ եթե Հայաստանը չկարողանա սպասարկել արտաքին վարկը, ստիպված է լինելու գնալ քաղաքական զիջումների: - «Եթե այս վիճակը շարունակվի, Ղարաբաղյան հարցի լուծումը, որ հիմա մերոնք իբր մերժում են, մեկ տարի հետո մենք խնդրելու ենք»:

Բագրատյանի խոսքով՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու՝ իշխանության գաղափարներն իրականում պատկանում են ընդդիմությանը: Մասնավորապես, ըստ նրա, երեք գաղափարները՝ Իրան - Հայաստան գազամուղի կառուցումը, նոր ատոմային էներգաբլոկի շինարարությունը եւ Համահայկական բանկի ստեղծումը, մշակվել են 1990-ականներին՝ նաեւ անձամբ իր կողմից: Սակայն իրականացվելու դեպքում էլ, ասաց Բագրատյանը, դրանք չեն կարող բարձրացնել երկրի տնտեսությունը, քանի որ կան «ավելի կարեւոր հարցեր», որոնք լուծելու ներուժ, ի տարբերություն գործող իշխանությունների, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ունի:

«Հայ ազգային կոնգրեսի հիմնական ռեսուրսն [այն է], որ տնտեսության կենտրոնացվածությունը կցրի: Ոչ թե, որ աշխատեն մի քանի օլիգարխ, այլ ամբողջ ժողովուրդը աշխատի եւ արժեք, բարիք ստեղծի... Մենք թույլ չենք տա, որ երկրում գործող նախագահը, կամ, ինչպես երկրորդ նախագահի պարագայում է ասվել՝ միլիարդատեր լինի: Այսպիսի բան չի լինի... Մենք թույլ չենք տա, որ հայ եկեղեցին զբաղվի կոմերցիայով... Այսօր եկեղեցին է արդեն փայ մտնում բիզնեսի մեջ, պաշտոնապես գրանցում է»::
XS
SM
MD
LG