Մատչելիության հղումներ

Հռոմի պապի դեմ մահափորձ կատարած մարդը ազատվեց թուրքական բանտից


Իտալիա -- Հովհաննես-Պողոս Երկրորդը բանտում տեսակցում է Մեհմետ Աքջայի հետ, 27-ը դեկտեմբերի, 1983թ.
Իտալիա -- Հովհաննես-Պողոս Երկրորդը բանտում տեսակցում է Մեհմետ Աքջայի հետ, 27-ը դեկտեմբերի, 1983թ.

Թուրքական բանտից երկուշաբթի ազատ է արձակվել 52-ամյա Մեհմետ Ալի Աքջան, ով 1981 թվականի մայիսի 13-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հրազենից կրակ էր բացել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի վրա։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատության էր ենթարկվել։

Աքջան տեղում ձերբակալվել եւ Իտալիայի դատարանի վճռով դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման։ Այն ժամանակ 23 տարեկան Աքջան, ըստ իրավապահների, «Գորշ գայլեր» թուրքական ընդհատակյա ահաբեկչական կազմավորման անդամ էր։

1983 թվականին Հովհաննես-Պողոս Երկրորդը բանտում տեսակցել է Աքջային եւ ասել, որ ներում է շնորհել նրան։

Իտալիայի բանտում պատիժը կրած Մեհմետ Ալի Աքջային տեղափոխել են Թուրքիա, որտեղ նա դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման մեկ այլ ծանր հանցագործության` մի թուրք լրագրողի սպանության համար։

Այսօր բանտից ազատված Աքջային, ով նաեւ ի պաշտոնե դեռեւս համարվում է զինապարտ, տեղափոխել են թուրքական ռազմակայան, որտեղ պետք է որոշվի նրա զինծառայության հարցը։

Թուրքական բանտից ազատվելու նախօրեին Մեհմետ Ալի Աքջան բրիտանական «Սանդի Թայմս» թերթին հասցեագրած նամակում գրել է.- «Ես գտնվում եմ հոգեպես եւ ֆիզիկապես միանգամայն կայտառ վիճակում, մտադիր եմ ազդարարել աշխարհի վերջը, գրել կատարյալ Ավետարան եւ քարոզել կատարյալ քրիստոնեություն, որը Վատիկանը երբեք չի հասկացել»։

Հւոնվարի 13-ին նա «Ռոյթերզ» լրատվական գործակալությանն ուղարկել է ֆաքս, որում հայտնել է, թե ցանկանում է հանդիպել Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապին եւ այցելել Հովհաննես-Պողոս Երկրորդի շիրիմին։ Նա խոստացել է նաեւ պատասխանել հանգուցյալ պապի վրա մահափորձին եւ, մասնավորապես, դրա հետ բուլղարական ու սովետական գաղտնի ծառայությունների հնարավոր առնչությանը վերաբերող հարցերին։

Թուրք զինվորական պաշտոնյաների ժամանակին հրապարակած մի զեկույցում Մեհմետ Ալի Աքջան բնութագրվել է որպես «ծայրահեղ հակահասարակական մոլագարությամբ տառապող անձնավորություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG