Մատչելիության հղումներ

logo-print

Հռոմի պապի դեմ մահափորձ կատարած մարդը ազատվեց թուրքական բանտից


Թուրքական բանտից երկուշաբթի ազատ է արձակվել 52-ամյա Մեհմետ Ալի Աքջան, ով 1981 թվականի մայիսի 13-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հրազենից կրակ էր բացել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի վրա։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատության էր ենթարկվել։

Աքջան տեղում ձերբակալվել եւ Իտալիայի դատարանի վճռով դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման։ Այն ժամանակ 23 տարեկան Աքջան, ըստ իրավապահների, «Գորշ գայլեր» թուրքական ընդհատակյա ահաբեկչական կազմավորման անդամ էր։

1983 թվականին Հովհաննես-Պողոս Երկրորդը բանտում տեսակցել է Աքջային եւ ասել, որ ներում է նրան։

Իտալիայի բանտում պատիժը կրած Մեհմեթ Ալի Աքջային տեղափոխել են Թուրքիա, որտեղ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մեկ այլ ծանր հանցագործության` մի թուրք լրագրողի սպանության համար։

Թուրքական բանտից ազատվելու նախօրեին Մեհմեթ Ալի Աքջան բրիտանական «Սանդի Թայմս» թերթին հասցեագրած նամակում գրել է.- «Ես գտնվում եմ հոգեպես եւ ֆիզիկապես միանգամայն կայտառ վիճակում, մտադիր եմ ազդարարել աշխարհի վերջը, գրել կատարյալ Ավետարան եւ քարոզել կատարյալ քրիստոնեություն, որը Վատիկանը երբեք չի հասկացել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG