Մատչելիության հղումներ

Ռոբերտ Բրադկեն Ստեփանակերտ էր ժամանել՝ Ղարաբաղի ղեկավարների եւ բնակչության կարծիքները լսելու համար


Ռոբերտ Բրադկե
Ռոբերտ Բրադկե

ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն կիրակի օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իր տարածաշրջանային այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այս շաբաթ կայանալիք հանդիպումը։

Բակո Սահակյանի հետ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Բրադկեն, խոսելով ԱՄՆ-ի դիրրքորոշման մասին, ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հաստատակամ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու ձգտման մեջ։

ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահը նշեց, որ տարածաշրջան է եկել` նպատակ ունենալով նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այս շաբաթ կայանալիք հանդիպումը:

«Ինչ վերաբերում է իմ անձնական նախապատրաստմանն այս հանդիպմանը՝ ես համարեցի, որ շատ կարեւոր կլինի իմ այստեղ գալը` լսելու համար Ղարաբաղի ղեկավարների եւ բնակչության կարծիքները», - ասաց Ռոբերտ Բրադկեն։

Լեռնային Ղարաբաղի վարչապետը եւ պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էին, որ ծանոթ չեն ոչ մադրիդյան սկզբունքների եւ ոչ էլ դրա նորացված տարբերակի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե իսկապե՞ս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած սկզբունքները չեն ներկայացվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, Ռոբերտ Բրադկեն պատասխանեց. - «Մինսկի խումբն անմիջականորեն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պարբերաբար գալիս ենք Ղարաբաղ, ինչպես ես եմ այսօր եկել` Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին տեղեկացնելու գործընթացների մասին: Մենք կարծում ենք, որ ինչպես Ղարաբաղի ղեկավարությանը, այնպես էլ բնակչությանը անհրաժեշտ է տեղեկացնել ընթացող բանակցությունների մասին։ Այնպես որ, բանակցությունների կարգավիճակի եւ քննարկումների թեմայի մասին իրականում տեղեկություններ տրամադրվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG