Մատչելիության հղումներ

Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքահայերի կասկածներին նպաստում է թուրքական ապատեղեկատվությունը»


Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները Նյու Յորքում բողոքի ցույց են անցկացնում հայ - թուրքական արձանագրությունների դեմ, 3-ը հոկտեմբերի, 2009

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները Նյու Յորքում բողոքի ցույց են անցկացնում հայ - թուրքական արձանագրությունների դեմ, 3-ը հոկտեմբերի, 2009

Սփյուռքահայերը կասկածով են վերաբերվում Հայաստանի պետական մարմինների հավաստիացումներին, թե Հայոց ցեղասպանության եղելությունը չի կարող հարցականի տակ դրվել Թուրքիայի հետ բանակցություններում, որովհետեւ իրենց դերն են խաղում թուրքական կողմի ապատեղեկատվությունը եւ թուրքական լրատվամիջոցների կողմից հայաստանյան պաշտոնյաների խոսքերը ծուռ հայելու առջեւ ներկայացնելը: Շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միաժամանակ, նա եւս մեկ անգամ ներկայացրեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հարցը կապված չէ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, եւ գնալով այդ նորմալացմանը` Հայաստանի Հանրապետությունը չի կարող ետ կանգնել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից:

«Հայաստանի որեւէ պետական պաշտոնյա երբեք կասկածի տակ չի առել` եղե՞լ է արդյոք Ցեղասպանություն, թե՞ ոչ», - ընդգծեց Հակոբյանը` հավելելով. - «Հիմա ինչպե՞ս ասենք` ճակատներին գրած մա՞ն գանք, ի՞նչ անենք: Եթե ամեն հարցազրույցում, բոլոր ելույթներում, բոլոր հանդիպումներում նախագահը ասում է, վարչապետը ասում է, արտաքին գործերի նախարարը ասում է, նվաստս ասում է` ի՞նչ անենք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Սփյուռքում կասկածով վերաբերվում հայաստանյան պետական մարմինների հավաստիացումներին, եւ արդյո՞ք ինքը կարծում է, որ Սփյուռքը ավելի շատ հավատում է թուրքական պետական մարմիններին եւ լրատվամիջոցներին, քան հայաստանյան, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. - «Ես ասացի, որ ապատեղեկատվությունը, թուրքական նաեւ լրատվությունը, ադրբեջանական լրատվությունը ամեն կերպ փորձում է խեղաթյուրել ընթացքը: Նույն [Թուրքիայի վարչապետ Ռեջեփ] Էրդողանը հայտարարեց, որ մենք եթե ստորագրում ենք արձանագրությունները, ցեղասպանության ճանաչումը դառնում է մեր երկուսի խնդիրները, ուրիշները գործ չունեն: Սա ապատեղեկատվություն է»:

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի ու հայության համար կարեւոր հարցերի վերաբերյալ` ինչպես, օրինակ, ցեղասպանության հարցն է, իրո՞ք Սփյուռքի կարծիքը ձեւավորվում է ավելի շատ թուրքական ու ադրբեջանական ապատեղեկատվության արդյունքում, հայտարարեց. - «Չէ, ես չեմ կարծում, որ այդպիսի իրողություն կա, զարմանում եմ, որ տիկին Հակոբյանը այդ ձեւով է դիտել հարցը: Բայց անուրանալի է, որ, բնականաբար, թուրքական լրատվամիջոցները եւ մամլո այլազան հաղորդակցությունները, պետական աշխատանքը, պետական քարոզչությունը Թուրքիայի ընդհանուր արշավի է վերածվել, մանավանդ արեւմտյան աշխարհում»:

Տեր-Խաչատուրյանի համոզմամբ` Սփյուռքը ոչ թե զոհ է դարձել թուրքական ապատեղեկատվությանը, այլ մեծավ մասամբ իրոք համոզված է, որ հայ - թուրքական արձանագրությունները ավելի շատ օգուտ են Թուրքիային, քան Հայաստանին: Իսկ սփյուռքի նախարարը, ըստ դաշնակցական գործչի, «հավանաբար, իշխանության պաշտոնական տեսակետն է փոխանցում»:
XS
SM
MD
LG