Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն շաբաթ օրը Երեւանում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Բրադկեն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարարի եւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, անդրադարձ է արվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

Ինչպես հայտնեցին Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կիրակի օրը նախատեսվում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցը Ստեփանակերտ:

Ակնկալվում է Բրադկեի հանդիպումը նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Հունվարի 20-ին Երեւան են այցելելու Մինսկի խմբի համանախագահները, իսկ մինչ այդ` հունվարի 18-ին նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG