Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանը հակադարձում է Փոստանջյանի հայտարարություններին


Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյանը:
Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյանը:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյանը այսօր հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա հայտարարությունը, թե Դաշնակցությունն իրական ընդդիմություն չէ, եւ ԵԽԽՎ-ում այդ կուսակցության դրսեւորած վարքագիծը չի տարբերվում իշխանության ներկայացուցիչների վարքագծից՝ նշելով, թե ցավում է Փոստանջյանի այդօրինակ արձանագրումների համար:

Ազգային ժողովում վերջերս հրավիրած խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվել է «ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու հարցը։

Բանն այն է, որ ՀՅԴ-ի` ընդդիմության վերածվելուց հետո Հայաստանի պատվիրակության հիմնական կազմում ներկայացված են երկու ընդդիմադիրներ` Զարուհի Փոտանջյանը («Ժանագություն») եւ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ)։ Մինչդեռ այդ թիվը չի համապատասխանում խորհրդարանական ուժերի ներկայիս համամասնությանը։ Ու քանի որ Դաշնակցությունն ավելի մեծ թվով պատգամավորներ ունի խորհրդարանում, հետեւաբար, մշտական անդամի կարգավիճակից առաջիկայում կզրկվի Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանը համարում է, որ չնայած պնդումներին, թե այս հարցը բարձրացվել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից, նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Ամբրահամյանն է, ով ցանկանում է սահմանափակել ընդդիմադիր պատգամավորի գործունեությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

Արծվիկ Մինասյանը բնական է համարում համամասնության ենթադրած այս փոփոխությունը։ Իսկ այն արձանագրման առնչությամբ, թե Դաշնակցությունն իրական ընդդիմություն չէ, Մինասյանն ասաց. - «Կարծում եմ, որ խորը թյուրիմացության մեջ է Զարուհի Փոստանջյանը՝ եթե գտնում է, որ Դաշնակցությունը իրական ընդդիմություն չէ: Եթե նա մտածում է, որ իրական ընդդիմությունը գոռգոռոցներով, աղմուկ-աղաղակներով, հայհոյախառն արտահայտություններով պետք է ներկայանալի լինի, ապա այդպիսի ընդդիմությունը կամ այդպիսի ընդդիմադիր կեցվածքի անձը մեզ մոտ տեղ չունի: Մեր պետականությունը եւ քաղաքական համակարգի զարգացումները այլեւս թույլ են տալիս ասելու, որ մենք պետք է քայլ առաջ կատարենք իսկապես քաղաքակիրթ ընդդիմադիր դաշտի ձեւավորման ուղղությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Դաշնակցությունն ու «ժառանգություն»-ը դադարեցնեն իրենց համագործակցությունը, Մինասյանը պատասխանեց. - «Համագործակցությունը միշտ էլ եղել է եւ շարունակվելու է՝ անկախ նրանից, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ինչպիսի գնահատական կտա»:

Այն մասին, որ առնվազն հայ-թուրքական արձանագրությունների կասեցման հարցում «ժառանգության» եւ Դաշնակցության համատեղ գործողությունների նպատակահարմարությունը կարող է վերանայվել, այսօր ակնարկել է «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո, կախված այդ որոշման հանդեպ ցուցաբերած արձագանքից, ներքաղաքական դաշտում կարող է ձեւավորվել «ուժերի նոր կոնֆիգուրացիա»։

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Դա նշանակում է, որ երեք հիմնական խմբեր են լինեու: «ժառանգություն»-ը՝ դաշտի այն տիրությում, որը բացահայտ դեմ է եւ դժգոհ է եւ չի ընդունում Սահմանադրական դատարանի այս որոշումը: Միգուցե ընդդիմադիր ուժեր, որոնք մասնակիորեն բավարարված են Սահմանադրական դատարանի որոշմամբ: ՀՅԴ-ն, համենայնդեպս, նման դրական նոտաներ արտահայտել է: Եվ երրորդը՝ քաղաքական ուժեր, այդ թվում եւ ընդդիմադիր, որոնք ամբողջովին կողմ են եւ բավարարված են այս արձանագրություններով», - հավելեց նա:

Ներկայումս, ըստ Սաֆարայանի, կուսակցությունում ընթանում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ ակտիվ պայքարի նոր ռազմավարության մշակման քննարկումներ։ Առայժմ չմանրամասնելով այդ ռազմավարության էությունը՝ Սաֆարյանը նշեց միայն, որ պայքարը խորհրդարանի ներսում շարունակելու` Դաշնակցության մոտեցումն իրենց համար անընդունելի է։ Իշխանական կոալիցիան ներկայացնող երեք ուժերի դիրքորոշումը, նրա խոսքով, անիմաստ է դարձնում խորհրդարանական պայքարը:

«Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները գրեթե ամեն շաբաթ ղեկավարի, քարտուղարի կամ որեւէ բանախոսի շուրթերով հայտարարում են, որ իրենք խնդիր չունեն, իրենք վավերացնելու են», - փաստարկեց նա:

Արծվիկ Մինասյանն, այնուամենայնիվ, «ժառանգություն» - ՀՅԴ համագործակցությունն այս հարցում ավարտված չի համարում։

«Ես կարծում եմ, որ մեր ճանապարհները չեն կարող բաժանվել, որովհետեւ երկուսիս գլխավոր նպատակն էլ այս արձանագրությունների՝ այն ձեւով, ինչ ձեւով որ առկա է, կյանքի կոչելը վիժեցումն է: Եվ այստեղ մենք, բնականաբար, ունենք շահեր, որ համընկնում են: Այլ բան, թե տակտիկական առումով մեզանից յուրաքանչյուրը ինչպես է դա պատկերացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG