Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բողոքարկում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) եւ վարչական դատարան՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» պահանջով։ Ընդդիմությունը վկայակոչում է այն փաստը, որ հանձնաժողովը հունվարի 14-ին հրաժարվեց ընդունել այս տարածքում կայացած ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց դիմում-բողոքը։

Ընտրությունների արդյունքն ամփոփելու ժամկետը լրանում էր հունվարի 15-ին, ժամը 14։00-ին, եւ մինչ այդ պահը ընդդիմությունն իրավունք ուներ դիմում ներկայացնել, սակայն հանձնաժողովը արդեն հունվարի 14-ի կեսօրին որոշում ընդունեց Արա Սիմոնյանին պատգամավոր գրանցելու մասին։ Երբ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը բերեց դիմում-բողոքը, հանձնաժողովն այլեւս տեղում չէր, իսկ դիմումի ընդունումը մերժվեց գրավոր այն հիմնավորմամբ, որ այն բերվում է հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո։

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնից Արմեն Խաչատրյանի կարծիքով, հանձնաժողովը պարզապես ցանկացել է «ձեռքերը լվանալ» եւ խնդիրը փոխանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ Սահմանադրական դատարանին. - «Ինքը իր պատվերը կատարեց, գրանցեց (Արա Սիմոնյանին), ապօրինությունը կատարեց։ Ձեռքերը լվացնելու շատ հարմար տարբերակ է փախուստի դիմելը»։

Ընտրական օրենսգրքի 63.1 հոդվածը սահմանում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում ընտրությունների արդյունքները պետք է վավերացնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո՝ հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնավորեց, որ ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները եղել են օրինական. այդ պահին հանձնաժողովն ավարտած է եղել բողոքների քննությունը եւ ամփոփել է արդյունքները։

«Եթե տվյալ պահին, տվյալ որոշման հետ կապված կա դժգոհություն, նրանք կարող են բողոքարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը», - նշեց Սեւակ Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG