Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Հայ ազգային կոնգրեսի «ռեյտինգը ընկել է»


Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանով

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը ամբողջ Հայաստանում անկում է ապրել։

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, Հանրապետականի մամուլի խոսնակը ընդգծեց, որ չնայած այդ ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանին սատարում էր անձամբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընտրողների բավական ցածր մասնակցություն գրանցվեց։

«Թիվ 10 ընտրատարածքը, որը Երեւանի կենտրոնն է, նախագահական ընտրություններում, պառլամենտական ընտրություններում միշտ ունեցել է ժողովրդի շատ մեծ մասնակցություն, եւ այսօր մոտ 20 տոկոս մասնակցությունը ցույց է տալիս մեկ բան, որ Հայ ազգային կոնգրեսի ռեյտինգը ընկել է Հայաստանով մեկ, այդ թվում նաեւ Երեւանի կենտրոնում, որը ամենաքաղաքականացված մասն է», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ միանգամից բարձրացավ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության վարկանիշը, որի թեկնածուն՝ Արա Սիմոնյանը, հաղթող ճանաչվեց թիվ 10-րդ ընտրատարածքում, Շարմազանովը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել՝ Արտաշես Գեղամյանի ռեյտինգը բարձրացել է, թե չի բարձրացել։ Ես փաստերն եմ արձանագրում, որ Կոնգրեսի թեկնածուին պաշտպանում էր Հայաստանի հանրապետության առաջին նախագահը, որը հավաքած ձայների քանակով երկրորդն էր նախագահական ընտրություններին, եւ նմանատիպ ցածր մասնակցությունը մի բան կարող է ասել, որ այնտեղ կա ռեյտինգի անկում»։

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը չանդրադարձավ ընտրությունների օրը տեղի ունեցած իրադարձություններին, գրանցված խախտումներին` պատճառաբանելով, որ Հանրապետականը թեկնածու չէր առաջադրել այդ ընտրություններում, եւ ինքը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հանրապետականը այնտեղ քաղաքական շահագրգռվածություն չի ունեցել», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ընդդիմությունը բազմից է պնդել, որ իշխանությունները խորհրդարանական ընտրություններում աջակցել են «Ազգային միաբանության» անդամ Արա Սիմոնյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG