Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահները չեն մասնակցում Բաթումիի էներգետիկ գագաթնաժողովին


Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ելույթ է ունենում Բաթումիի էներգետիկ գագաթնաժողովին, 14-ը հունվարի, 2009

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ելույթ է ունենում Բաթումիի էներգետիկ գագաթնաժողովին, 14-ը հունվարի, 2009

Բաթումիում հինգշաբթի օրը գումարվել է էներգետիկայի հարցերով միջազգային գագաթնաժողովը, որր օրակարգում Ռուսաստանի տարածքը շրջանցող նավթատար եւ գազատար խողովակաշարերի կառուցման ծրագիրն է։

Մասնակից երկրների նախագահները չեն մեկնել Բաթումի։ Առաջինը այդ որոշման մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով ասել է, թե պատրաստվում է հունվարի 17-ի նախագահական ընտրություններին։ Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտնել են Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Վալդիս Զատլերսը, Դալիա Գրիբաուսկայտեն եւ Լեխ Կաչինսկին։ Ստեղծված իրավիճակում նույն որոշումը ստիպված էր ընդունել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Գագաթնաժողովը, որին մասնակցում են վարչապետներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում եվրասիական էներգետիկ ծրագրերի հարցերով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը, բացել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Նա ասել է, որ Nabucco ծրագիրը, որը թույլ կտա Կասպյան տարածաշրջանից Եվրոպա ամեն տարի փոխադրել շուրջ 31 միլիարդ խորանարդ մետր գազ, ունի միջազգային մեծ աջակցություն եւ անպայման իրականություն կդառնա։

Գագաթնաժողովի մասնակիցները պնդել են, որ աջակցում են «Հարավային միջանցք» ծրագրին, որի բաղադրիչներից մեկը Nabucco-ն է։

Ըստ մի շարք վերլուծաբանների, Nabucco-ի ֆինանսավորումը դեռ երաշխավորված չէ, չկա նաեւ ստույգ պատասխան այն հարցին` արդյոք Կասպյան ընդերքն ունի՞ այդ ծրագրի համար ամեն տարի անհրաժեշտ 31 միլիարդ խորանարդ մետր վառելիքը։

Վերլուծաբանները նշում են, որ եվրոպացիների խանդավառությունը Nabucco-ի հարցում կարծես թե նվազել է։ Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատարի թեկնածու Գյունտեր Օյտինգերը Եվրախորհրդարանում իր թեկնածության քննարկման ընթացքում հինգշաբթի օրը պարզորոշ ասել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի այս տարի հստակ վճիռներ կայացնել Nabucco-ի վերաբերյալ։

Մինչդեռ Ռուսաստանը, չնայած տնտեսական դժվարություններին, միանշանակ աշխատում է «Հարավային հոսք» նախագիծը սկսելու եւ «Հյուսիսային հոսքը» ավարտին հասցնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG