Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Ղազախստանի արտգործնախարարը փետրվարին կայցելի Հարավային Կովկաս


Ավստրիա -- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբայեւը, Վիեննա, 14-ը հունվարի, 2010թ.

Ավստրիա -- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբայեւը, Վիեննա, 14-ը հունվարի, 2010թ.

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբայեւը այդ պաշտոնում առաջին այցելությունը կատարելու է Հարավային Կովկասի երկրներ։ Այցելությունը նախատեսվում է փետրվարի կեսերին։ Կանատ Սաուդաբայեւը այդ մասին տեղեկացրեց՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում։ Ղազախստանի արտգործնախարարը նաեւ հավելեց, թե շնորհակալ կլինի ցանկացած խորհրդի, օգնության, գաղափարների համար, որոնք կօգնեն «լուծել այդ տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրները»։

Հունվարի 14-ին Ղազախստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ-ի նախագահությունը։ Ղազախստանի արտգործնախարարը ներկայացրեց իրենց նախագահության համար առաջնահերթ խնդիրները, ծրագրերը։ Իր ելույթում նա նշեց, որ երկարատեւ հակամարտությունների կարգավորմանը օժանդակելը առաջնահերթություն է ԵԱՀԿ-ի ցանկացած նախագահողի համար։

«Մենք փորձելու ենք ամեն ինչ անել այս դժվարին գործընթացում մեր ներդրումը ունենալու համար։ Միաժամանակ, ԵԱՀԿ–ն պետք է փորձի ուղիներ գտնի կանխելու համար նմանատիպ հակամարտությունները, որոնք հանգեցնում են մարդկային ողբերգությունների ու հումանիտար աղետների», - հայտարարեց Կանատ Սաուդաբայեւը։

Կենտրոնական Ասիայի համար առաջնահերթ խնդիրներից մեկը Ղազախստանը համարում է Աֆղանստանի իրավիճակի կարգավորումը եւ պլանավորում է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողով անցկացնել։

ԵԱՀԿ-ի նոր նախագահողը աջակցություն հայտնեց նաեւ կազմակերպության հիմնական ուղղություններին` անվտանգության հարցերով համագործակցություն, տնտեսական զարգացում, օժանդակություն մարդու իրավունքներին ու ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում Ղազախստանի արտգործնախարարը, անդրադառնալով իր երկրի ժողովրդավարության իրավիճակին, ասաց, թե անկախությունից հետո Ղազախստանը նշանակալից առաջընթացի է հասել՝ «ավտորիտար երկրից դառնալով մի երկիր, որն այսօր արժանի է համարվել նախագահելու ԵԱՀԿ-ում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG