Մատչելիության հղումներ

Հայաստանի փրկարարները մեկնում են երկրաշարժից ավերված Հայիթի


Հայիթի -- Երկրաշարժից ավերված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը
Հայիթի -- Երկրաշարժից ավերված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը

Ի շարս տասնյակ երկրների, երեքշաբթի տեղի ունեցած աղետալի երկրաշարժից ավերված Հայիթիի ժողովրդին օգնության ձեռք է մեկնում նաեւ Հայաստանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, Հայաստանի փրկարարական ծառայության 52-հոգանոց ջոկատը պատրաստվում է մեկնել Հայիթի։

Հինգշաբթի այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ, ջոկատը նախ կմեկնի Մոսկվա, որտեղից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով կմեկնի Հայիթի, եւ կմասնակցի փրկարարական-որոնողական գործողություններին։ Հայ փրկարարները կմեկնեն առնվազն 6-7 օրով։

«Երկրաշարժից, ընդհանրապես, մեծ աղետներից հետո յուրաքանչյուր օրը շատ կարեւոր է։ Որոնողական-փրկարարական գործողությունները արդյունավետ են լինում առաջին 10 օրվա ընթացքում։ Սպիտակի երկրաշարժից հետո որոնումները 17-19 օր շարունակվեցին, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետը առաջին օրերն են», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով.- «Մի դառը ճշմարտություն էլ կա` մարդիկ ուրախանում են նույնիսկ երբ զոհվածների դիակներն են հայտնաբերում։ Շատ կարեւոր է, որ մարդիկ իրենց հարազատներին հայտնաբերեն` կենդանի, թե մահացած։ Հայիթիի կառավարությունը դիմել էր աշխարհին, մենք որպես այդպիսի աղետ վերապրած երկիր, չէինք կարող անմասն մնալ այդ միջազգային ընդհանուր աջակցությունից»։

Ռիխտերի սանդղակով 7 մագնիտուդի երկրաշարժը Հայիթիի շուրջ 200 տարվա պատմության ընթացքում ամենաահավոր աղետն է։

Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ. Հայիթիի նախագահ Ռենե Պրեւալն ասել է, որ խոսքը հազարների մասին է։ Վարչապետ Ժան-Մաքս Բելերիվի կարծիքով` այն կգերազանցի 100 հազարը, իսկ սենատոր Յուրի Լատորտը նույնիսկ կես միլիոնի մասին է խոսում։

Հայիթին Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրն է։ Վերլուծաբանների համոզմամբ` առանց արտասահմանյան օգնության Հայիթին պարզապես չի վերապրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG