Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին


Կառավարությունը հավանության է արժանացրել ենթակառուցվածքային խոշոր նախագծին, որի նպատակն է միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ եւ ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ։

Կառավարության այս տարվա առաջին նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդունվեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ անցյալ տարի ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին եւ ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

«Այս ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ եւ ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ», - գործադիրի նիստում ներկայացնելով նախագիծը՝ նշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության նպատակով Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախաստորագրվել են ծրագրի շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը՝ 500 միլիոն դոլարի չափով, եւ ծրագրի առաջին մասնաբաժնի իրականացման վարկային պայմանագիրը՝ 60 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման մասին։

Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ, ծրագիրը իրականացվելու է 2010-17 թվականների ընթացքում։ Առաջին փուլում նախատեսվում է մայրուղու Երեւան-Գյումրի հատվածի քառուղի բարձրակարգ ճանապարհի կառուցումը։

«Դրա առաջին տրանշը՝ 60 միլիոնը, կուղղվի Երեւան-Աշտարակ ճանապարհի վերակառուցմանը եւ Երեւան-Արարատ ճանապարհի անվտանգության համապատասխանեցմանը միջազգային ստանդարտներին», - մանրամասնեց Ներսես Երիցյանը։ - «Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվելու են երկրի հարավում, մասնավորապես, Սիսիան-Կապան հատվածում»։
XS
SM
MD
LG