Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարգում է Հայիթիի երկրաշարժի զոհերի հիշատակը


Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը, նորանշանակ մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի գլխավորությամբ, մեկ րոպե լռությամբ հարգեց հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասի ամբողջ չափի մասին տեղեկությունը դեռ սակավ է, այնուամենայնիվ, պարզ է, որ երկրաշարժն ավերիչ ազդեցություն է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսայի եւ երկրի արեւմտյան հատվածի վրա։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է. - «Իմ սիրտը ցավում է Հայիթիի ժողովրդի համար այս ավերիչ երկրաշարժից հետո։ Ողբերգության այս պահին ես շատ անհանգստացած եմ Հայիթիի բնակչության, ինչպես նաեւ Հայիթիում ծառայող ՄԱԿ-ի աշխատակազմի համար։ Ես պարբերաբար ստանում եմ նախնական տեղեկություններ եւ մանրամասնորեն հետեւում եմ զարգացումներին»։

«ՄԱԿ-ի ընտանիքը անմիջապես մոբիլիզացրեց իր ռեսուրսները՝ օգնելու տուժած ժողովրդին։ Սա նաեւ ողբերգություն է ՄԱԿ-ի համար եւ հատկապես Հայիթիում ՄԱԿ-ի Կայունացման առաքելության համար», - ասված է հաղորդագրությունում։ - «Առկա տեղեկատվության համաձայն, կործանվել է նաեւ Պորտ-օ-Պրենսայի ՄԱԿ-ի շենքի հիմնական մասը։ Երբ տեղի ունեցավ աղետը, մոտ 100-150 մարդ դեռ աշխատում էր շենքի ներսում։ Շատերը դեռ շարունակում են փակված մնալ ներսում` ներառյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հեդի Աննաբին եւ նրա տեղակալ Լուի Կառլոս դա Կոստան»։

Գերչեւան ներկաներին տեղեկացրեց ՄԱԿ-ի 16 աշխատակիցների մահվան մասին, որը հաստատվել էր դեռ նախորդ օրը. հորդանանցի ոստիկանության երեք աշխատակիցներ, մեկ արգենտինացի, Չադի մեկ ոստիկանության աշխատակից եւ տասնմեկ բրազիլացի խաղաղապահներ։

«Ով, եթե ոչ դուք, հայերդ, կարող եք հասկանալ այս ողբերգությունն ավելի լավ քան մյուսները, քանի որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի թողած վերքերը դեռ թարմ են...», - ասել է Գերչեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG