Մատչելիության հղումներ

Հայաստանցի սահմանադրագետը «անիմաստ» է համարում արձանագրությունները «ինչ-ինչ վերապահումներով» վավերացնելը


Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են հայ - թուրքական արձանագրությունները, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009

Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են հայ - թուրքական արձանագրությունները, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009

«Առնվազն անիմաստ, եթե չասենք` անհեթեթ կլիներ հայ-թուրքական արձանագրություններն ինչ-ինչ վերապահումներով վավերացնելը», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ շեշտելով, որ իրավական տարընթերցումներից, խճողումներից, ինչպես նաեւ այլեւայլ քաղաքական մեկնաբանություններից խուսափելու առումով, Սահմանադրական դատարանի` երեքշաբթի օրը կայացրած որոշումը «իրավականորեն ճիշտ եւ գրագետ էր»։

«Միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որպեսզի երկկողմանի պայմանագրերի վերաբերյալ վերապահումներ կատարվեն», - ասաց նա:

Պողոսյանի խոսքով, միջազգային բազմակողմ պայմանագրերում հնարավոր է, որ որոշ հարցերում առանձին երկրներ ունենան վերապահումներ, ինչի մասին նրանք նախօրոք տեղյակ են պահում պայմանագրի անդամներին։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք կարգավորելու առումով վերապահումներ անելը «իմաստազուրկ» է։

Վարդան Պողոսյանի պարզաբանմամբ՝ եթե արձանագրությունները, ի վերջո, երկուստեք վավերացվեն, իսկ դրանից հետո, օրինակ, հայկական կողմը, նախապես իր կատարած ինչ-որ վերապահմանը հղում անելով, չկատարի ստանձնած պարտավորությունները, ապա առավել հավանական է, որ այս վեճը միջազգային դատարանում հայկական կողմի օգտին չլուծվի։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգայն պայմանագրերի բաժնի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւս համարում է, որ այս պարագայում վերապահումներ անելու անհրաժեշտություն չկա. - «Տվյալ պայմանագրի օբյեկտից եւ նպատակից ելնելով՝ վերապահումը, ես գտնում եմ, որ իրավական տեսանկյունից այնքան էլ հիմնավորված չի լինի»:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընդդիմախոսները, հիշեցնենք, պնդում են, որ վերպահումները, այնուամենայնիվ, անհրաժեշտ են։ Հաճախ նշվում է, օրինակ, թե պատմաբանների ենթահանձնաժողովի ձեւավորման համատեքստում Հայոց ցեղասապանության փաստը կասկածի տակ է առնվում, ուստի հարկ է վերապահմամբ հստակեցնել այս հարցը։

Վարդան Պողոսյանի առարկությունը. - «Սահմանադրական դատարանի որոշման մեջ ոչ ուղղակիորեն ամրագրված է, որ [Անկախության] հռչակագիրը պարտադիր իրավական ուժ ունի, որ հռչակագիրը Սահմանադրական դատարանը, ըստ էության, դիտարկում է որպես Սահմանադրության բաղկացուցիչ մաս: Հռչակագիրը պարտադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը սատար կանգնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»:

Հետեւաբար, ըստ Վարդան Պողոսյանի՝ այս նրբերանգի հետ կապված բոլոր մտահոգություններն ու տարընթերցումները լուրջ դիտվել չեն կարող։

Սահմանադրագետը, այնուամենայնիվ, համարում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը բանակցությունների պրոցեսում որոշակի սխալներ է թույլ տվել, եւ Սահմանադրական դատարանի վերջին եզրակացությունն էլ, որոշ առումով, եկել է սրբագրելու կատարված սխալները։ Խոսքը արձանագրություններում առկա փաստացի սահմաների փոխճանաչմանն առնչվող դրույթի մասին է։

«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտության կոպիտ սխալն էր, եթե ոչ ձախողումը՝ թույլ տալով, որպեսզի արձանագրությունում ամրագրվեր փաստացի սահմանի ճանաչման վերաբերյալ դրույթը», - ասաց Պողոսյանը: - «Դա, իսկապես, որեւէ առնչություն չունի ո'չ համատեղ սահմանի բացման հետ, ո'չ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ: Կան բազմաթիվ դեպքեր, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի համակցվել միաժամանակ պետական սահմանի ճանաչմամբ»:

Եվ այս ֆոնին, Պողոսյանի պնդմամբ` Սահմանադրական դատարանի վճռում առկա «փաստացի սահման» արտահայտությունը պարզապես եղած իրողության անհրաժեշտ արձանագրումն է։

Սահմանադրական դատարանի իրավական պահմանագրերի բաժնի ղեկավարն այս հարցի առնչությամբ սեփական մեկնաբանությունն ուներ։ Նրա խոսքով, փաստաթղթերի ձեւական կողմը, անշուշտ, կարեւոր է, սակայն «այս պայմանագրերը կարող էին կնքվել անգամ բանավոր ձեւով եւ դառնալ «ջենտլմենյան» համաձայնագրեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG